Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՈՉ ԹԵ ՀԱՐԿԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆ Է, ԱՅԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏ ԲԵՐԵԼԸ»
06.02.2020
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական վարչությունը՝ ՏԻ և ՀԳՄ հարցերով, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների, Հողաշինության և հողօգտագործման բաժնի հետ համագործակցությամբ իրականացրել է համայնքների բյուջեների վերլուծություններ՝ մասնավորապես տեղական տուրքերի և վարձավճարների գանձման համատեքստում՝ գումարների գանձման առավել օպտիմալ տարբերակներ առաջարկելու նկատառումներով:
Դրանք ներկայացվեցին մարզի ղեկավարի ուշադրությանը: Քննարկմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը:
Վերլուծությունն իրականացվել էր համայնքային բյուջեների, եկամուտների, առկա արոտավայրերի, խոտհարքերի և անասնագլխաքանակի համեմատական ցուցանիշների տրամաբանությամբ:
Որպես ամենաարդյունավետ տարբերակ` առաջարկվեց գանձումներ իրականացնել ոչ թե ըստ արոտավայրերի զբաղեցրած տարածքների, այլ ըստ անասնագլխաքանակի՝ խոշոր և մանր եղջերավոր անասունների համար հաստատելով հստակ սակագներ՝ տարեկան կտրվածքով, ինչի շնորհիվ նախ կկանոնակարգվեն հարկման մեխանիզմները և ապա, մուտքերը համայնքային բյուջեներ զգալիորեն կաճեն:
Իրականացված վերլուծությունը ցույց է տվել նաև, որ մարզում խոտհարքերի մի զգալի տարածք վարձակալությամբ տրամադրված չէ, մինչդեռ մարզում չկա անգամ մեկ հեկտար չհնձնվող խոտհարք: Այս հարցի կանոնակարգման վերաբերյալ ևս վերահսկողական մեխանիզմներ առաջարկվեցին:
Առանձին քննարկում ծավալվեց նաև տեղական տուրքերի մասով՝ ծխախոտի և արկոհոլային խմիչքների վաճառքի հետ կապված: Վարչության վերլուծությունները ևս ցույց են տալիս, որ այստեղ նույնպես վերանայման արժանի բացթողումներ կան:
Ամփոփելով ասվածը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանձարարեց ներկայացված խնդիրների լուծման հստակ մեխանիզմներ առաջարկել՝ միաժամանակ վերլուծություններ իրականացնելով նաև բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների մասով:
-Մեր նպատակը ոչ թե հարկերի ավելացումն է, այլ գործընթացն օրինական դաշտ բերելը, որպեսզի բնակիչներից գանձվող գումարները ոչ թե անհատների գրպանները գնան, այլ մուտք արվեն համայնքային բյուջե,-ասաց նա: