Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՇՈՒՐՋ 80 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵՂԱՎ ՄԵԾ ԱՅՐՈՒՄ, ՆԵՂՈՑ ԵՎ ԴԵԲԵԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
03.02.2020

Փետրվարի 1-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Լոռու մարզի Մեծ Այրում, Նեղոց, Դեբեդ համայնքներում՝ ծանոթանալու դպրոցներում կատարված շինարարական աշխատանքներին:
Ինչպես հայտնի է, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ 2019թ. մարզի դպրոցների կողմից տնտեսված միջոցների վերաբաշխման արդյունքում հնարավոր է եղել առավել կարիքավոր կրթօջախներում իրականացնել շուրջ 80 մլն դրամի տարաբնույթ շինարարական աշխատանքներ: Այդ ուսումնական հաստատությունների թվում են եղել նաև Մեծ Այրումի, Նեղոցի, Դեբեդի դպրոցները, որոնց երբեմնի խարխուլ տանիքներն այլևս հիմնանորոգված են: Տանիքների ասբոշիֆերից ծածկույթներն ամբողջությամբ փոխարինվել է ցինկապատ պրոֆիլավոր թիթեղից ծածկույթներով, կատարվել է նաև վնասված փայտանյութի փոխարինում և ջրահեռացում:
Մարզի ղեկավարի առաջին կանգառը Մեծ Այրում համայնքում էր:
Տեղի դպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը 12 մլն դրամ է: Դպրոցը, ուր շուրջ 120 երեխա է հաճախում, լուրջ հիմնանորոգման ու ջեռուցման ապահովման կարիք ունի նաև: Բարձրացվեց նաև գազաֆիկացման խնդիրը: Չնայած ֆինանսական սուղ միջոցներին՝ որոշ աշխատանքներ հընթացս իրականացվել են, նաև միջազգային կառույցներն են աջակցություն ցուցաբերել:
Նեղոցի հիմնական դպրոցի տանիքի խնդիրը, որը նույնպես երկար տարիներ հնարավոր չէր լինում լուծել, այժմ ամբողջությամբ նորացված է: Ծրագրի պայմանագրային արժեքը 3.198 մլն դրամ է: Այստեղ համեմատաբար պայմաններն ավելի բարվոք էին և տնօրենի վստահեցմամբ, տանիքի վերանորոգումից հետո կհամարձակվեն ավելի շատ աշխատանքներ իրականացնել:
-Ամեն անգամ սրտի դողով էինք սպասում անձրևի կամ ձյան գալուն: Այժմ մեզ համար ամեն խնդիր հաղթահարելի է,- ասաց դպրոցի տնօրենը: Նա առաջնահերթության կարգով կարևորեց դպրոցի գազաֆիկացման անհրաժեշտությունը:
Այցի վերջին կանգառը Դեբեդի միջնակարգ դպրոցում էր: Այստեղ տանիքի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 6.739 մլն դրամ: Դպրոցում առաջնային խնդիրը կոսմետիկ նորոգումն ու հատակի նորացումն էր, քանի որ բացի տանիքի խնդրից, լուծված է նաև ջեռուցման, դռների ու պատուհանների նորացման հարցը:
Դպրոցներ այցի ընթացքում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շրջեց բոլոր դասասենյակներով, աշակերտներից հետաքրքրվեց նրանց առաջադիմությամբ: Զրուցեց նաև ուսուցչական կոլեկտիվների հետ՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին: Մարզի ղեկավարը դպրոցների կոլեկտիվներին տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կգույքագրվեն բոլոր դպրոցների խնդիրները, կպատրաստվեն նախագծեր՝ ըստ առաջնահերթության դրանք լուծելու նպատակադրմամբ :
-Մեր պետությունը, այդ թվում և մեր կրթության ոլորտը, գտնվում է առողջացման փուլում և այն քայլերը, որոնք ներկայում արվում են, դրա մի փոքր դրսևորումն են միայն: Մեզ համար ամոթալի է, որ մեր երկրում լինեն խարխուլ ու չվերանորոգված դպրոցներ: Այս խնդիրը շատ կարճ ժամանակ անց լուծում է ստանալու: Ձեր առաքելությունը միմիայն կրթության որակի ապահովումն է ու բանիմաց սերունդներ կրթելը,-ասաց Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով նաև,որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը շարունակական բնույթ է կրելու: Ինչ վերաբերում է երթևեկող ուսուցիչներին, որոնց թիվն առավել մեծ է գյուղական համայնքներում, այս տարի առաջին անգամ գումարի փոխհատուցում են ստանում, և մարզին այդ նպատակով տրվող միջոցները ևս աճելու միտում ունեն:
Թե՛ համայնքների ղեկավարները և թե՛ դպրոցների ուսուցչական կոլեկտիվներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մարզի ղեկավարին հոգացավ վերաբերմունքի և պատրաստակամության համար: