Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ. պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը
29.01.2020

Հունվարի 24-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գերոգի Ավետիսյանի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանում համայնքների ղեկավարների, ֆերմերների և մի շարք այլ կառույցների մասնակցությամբ անցկացվեց հանդիպում սպանդանոցներում իրականացվելիք պարտադիր մորթի պայմանի շուրջ ծագած դժգոհությունների քննարկման և կառավարության նոր առաջարկի ներկայացման նպատակով:
Քննարկումը վարում էր մարզի ղեկավարը:
Նրա տեղեկացմամբ, ներկայում մարզում գործում է 3 սպանդանոց, առաջիկայում կգործարկվեն ևս մի քանիսը: Մարզի ղեկավարի ներկայացմամբ, ինչպես հայտնի է՝ Կառավարությունը պատրաստ է մինչև հուլիսի 1-ը հետաձգելու պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումների իրականացումը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները:
Առաջարկությունները հանգամանորեն ներկայացրեց Գեորգի Ավետիսյանը: Նա նշեց, որ սպանդանոցների կառուցման համար սահմանված են հատուկ չափորոշիչներ, որոնք հանդիսանում են պարտադիր պայման:
Նշվեց, որ ՀՀ վարչապետի հրահանգով կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և աջակցություն կցուցաբերվի գործընթացի արագ կազմակերպմանը:
Մարզպետը և տեսչական մարմնի ղեկավարը պատասխանեցին նաև առաջադրվող հարցերին՝ նշելով, որ ցանկացած հարցի դեպքում պատրաստ են տրամադրելու անհրաժեշտ խորհրդատվություն: