Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Այս տարի ակնկալում ենք մի քանի անգամ ավելի շատ ծրագրեր». մարզի ղեկավարը սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի քննարկում անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ
22.01.2020
Այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը կտրվի ավելի վաղ: Նախնական հայտերը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն մարզպետարանը պետք է ներկայացնի մինչև փետրվարի 2-ը. այս մասին Լոռու մարզպետ Ադրեյ Ղուկասյանը տեղեկացրեց այս անգամ արդեն Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում, որն անցկացվեց երկու փուլով:
Քննարկումներին ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստրաբաժանումների ղեկավարներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
-Նպատակը ծրագրերը շուտ մեկնարկելն է, որպեսզի հնարավորություն լինի դրանք տարվա ընթացքում ամբողջական ավարտին հասցնել,-իր խոսքում նշեց մարզպետը՝ տեղեկացնելով, որ 2019թ.մեկնարկած 56 ծրագրից 7-ը տեղափոխվել է 2020թ.:
-Այս տարի ակնկալում ենք մի քանի անգամ ավելի շատ ու տարողունակ ծրագրեր,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ համայնքների համար ծրագրերին մասնակցության առումով այս տարի առավել նպաստավոր պայմաններ են ստեղծված, ինչը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ, ավելի ակտիվ լինելու համար:
Նախորդ տարի, ինչպես նշվեց, ծրագրեր էին ներկայացրել Գուգարքի տարածաշրջանից համեմատաբար քիչ թվով համայնքներ: 2020թ., ըստ նախնական քննարկումների, նրանց թիվն անհամեմատ շատ կլինի: Առաջարկվում էին հիմնականում ճանապարհների ասֆալտապատման, ջրագծերի, պուրակների կառուցման, լուսավորության համակարգերի տեղադրման,տեխնիկայի ձեռքբերման և մի շարք այլ ծրագրեր:
Մարզպետի հանձնարարությամբ քաղաքաշինության վարչության, համայնքների ղեկավարների և նախագծող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերը կքննարկվեն առանձին-առանձին, անհրաժետության դեպքում այցեր կկատարվեն համայնքներ՝ առանձին ծրագրերի իրականացման արդյունավետությունը տեղում ուսումնասիրելու նպատակով:
Սուբվենցիոն ծրագրերի նախնական քննարկումները նաև մյուս տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ կշարունակվեն: