Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ. « ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԻ ՄԻՆՉԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

20.01.2020

 Լոռու մարզի թվով 8 համայնքում, 2019թ. սուբվենցիոն ծրագրերով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների հետ կապված, «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի կողմից կատարված ասֆալտբետոնե ծածկի հանուկի լաբորատոր փարձարկման արդյունքներով մի շարք ծրագրերի առումով ճանապարհաշինական պահանջները չբավարարելու վերաբերյալ բացասական եզրակացություն է տրվել: Մինչդեռ մինչ այդ, նույն ծրագրերի առումով, կապալառու կազմակերպությունների կողմից պատվիրվել էին ասֆալտբետոնե ծածկի հանուկի փորձարկումներ երկու այլ կազմակերպությունների: Վերջիններիս տրամադրած տվյալներում, «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի կողմից կատարված լաբորատոր փորձարկումների համեմատությամբ, եղել են իրարամերժ տեղեկություններ:
Ահա այս խնդրահարույց հարցի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի հստակեցման նպատակով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, համայնքների ղեկավարների և շինկազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանում:
-Ծրագրերի մեկնարկի հենց սկզբում ձեզ հետ ունեցած հանդիպմանը ես ներկայացրեցի իմ հստակ պահանջը՝ աշխատանքները կատարել որակով, հետագա խնդիրներից խուսափելու համար: Այսօր, սակայն, ունենք մի իրավիճակ, երբ ձեր կողմից պատվիրված և «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի կողմից կատարված լաբորատոր փորձարկումների արդյունքները շատ դեպքերում տարբերվում են իրարից, ինչը մեզ առիթ է տալիս կասկածով վերաբերելու դրանց,-ասաց մարզի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ մարզպետարանը գրությամբ դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազությանը՝ կազմակերպությունների կողմից տվյալների օրինականությունը ստուգելու և կոռուպցիոն ռիսկեր պարունակելու դեպքում իրավական գնահատական և համապատասխան ընթացք տալու խնդրանքով:
-Խնդրի լուծման տարբերակները հետևյալն են՝ կատարել կրկնակի աշխատանք և որակի ստուգում, երկրորդ՝ վճարված գումարների հետգանձում,-ասաց Ա. Ղուկասյանը:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը առանձին-առանձին, ըստ համայնքների, ներկայացրեց ասֆալտապատման ծրագրերի արդյունքները, որոնց վերաբերյալ, ըստ արձանագրված թերությունների, մարզի ղեկավարի կողմից ցուցաբերվեցին տարբերակված մոտեցումներ:
Օրինակ, Վանաձորի համայնքի թվով 5 փողոցներից վերցվել են փորձանմուշներ, որոնցից մեկի արդյունքը ճանաչվել է բավարար, 1-ը՝ անբավարար, իսկ 3-ից հնարավոր չի եղել փորձանմուշ վերցնել: Վանաձորի հետ կապված, քննարկումների արդյունքում, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում Վանաձորի համայնքի ղեկավարի, շինկազմակերպության և մարզպետարանի համապատասխան մասնագետների հետ միասին քննարկել և տեղում ուսումնասիրել հիմնարկի հնարավորությունները՝ տեխնիկական և մարդկային ուժի առումով՝ վերջնական հստակեցնելով՝ տվյալ շինկազմակերպությունը կարո՞ղ է հաղթահարել խնդիրը, թե՝ ոչ: Դրանից հետո արդեն կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
Մնացած համայնքներում, քանի որ շինկազմակերպությունների կողմից պատվիրված լաբորատորիաների և «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի կողմից կատարված լաբորատոր փորձարկումների արդյունքների տարբերություններն ակնառու էին՝ խտացման գործակցի հետ կապված, ուստի շինկազմակերպությունների ղեկավարների կողմից առաջարկվեց ևս մեկ անգամ դիմել ՊՈԱԿ-ին՝ խնդրանքով համատեղ անցկացնելու ևս մեկ փորձարկում: Մարզի ղեկավարը ներկայացված առաջարկությանը տվեց իր համաձայնությունը:
-Պետական բաժնեմսից նշված ծրագրերից որևէ մեկը չի ֆինանսավորվի մինչև արդյունքների ամփոփումը և դրական եզրակացության առկայությունը,-իր վերջնական դիրքորոշումը ներկայացրեց Ա. Ղուկասյանը՝ ամրագրելով հստակ ժամկետներ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59