Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գ. Մարկոսյան. «Օձուն խոշորացված համայնքի տարածքում պատշաճ աղբահանություն այսուհետ ևս չիրականացնելու դեպքում համայնքի ղեկավարի նկատմամբ կհարուցվի վարչական վարույթ, նույն մոտեցումը կկիրառվի նա

16.01.2020

 Զբոսաշրջային մի շարք կազմակերպություններ Ամանորի տոնական օրերին Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի պատմամշակութային զբոսավայրերով քայլարշավ իրականացնելով՝ ֆեյսբուքյան հարթակում բազմաթիվ դժգոհություններ ու ահազանգեր էին հնչեցնում՝ կապված հատկապես համայնքի տարածքում գտնվող Ծաղկեվանք և Հոռոմայր տանող ճանապարհներին կուտակված կենցաղային աղբի ու անգամ շինարարական թափոնների վերաբերյալ:
Հարցի քննարկման նպատակով Լոռու մարզպետի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը քննարկում էր կազմակերպել Օձուն խոշորացված համայնքի և նրա կազմում գտնվող բնակավայրերի վարչական ղեկավարների, ավագանու անդամների, մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների և զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:
-Դուք շատ լավ գիտակցում եք, որ զբոսաշրջությունը հանդիսանում է մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից մեկը, մինչդեռ համայնքը, չկատարելով իր պարտավորությունը, այն է՝ կատարել պատշաճ աղբահանություն և չպահպանելով հատկապես զբոսաշրջային վայրերի մաքրությունը՝ ուղղակիորեն խոչընդոտում է այս ծրագրի իրականացմանը,-ասաց Գ. Մարկոսյանը:
Համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը պատճառաբանություն ներկայացրեց տարածքների դժվարամատչելի լինելու վերաբերյալ՝ նշելով նաև որ նախորդ տարիներին մատչելի վայրերում շուրջ տասը աղբավայր են փակել:
Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Գևորգ Վարդանյանը ներկայացրեց, որ, պարբերաբար շրջայց կատարելով, պատրաստ է փաստել, որ աղբ կուտակված է անգամ այն վայրերում, որոնք դժվարամատչելի չեն և նշեց, որ կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են օգնելու համայնքին զբոսաշրջային նշանակության ու հատկապես դժվարամատչելի վայրերի մաքրման հարցում՝ առաջարկելով նրանց հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
-Խնդիրն այն է, որ աղբը թափվում է պարբերաբար ու ձեր բնակիչների կողմից,-իր ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց Գևորգ Վարդանյանը:
Փոխմարզպետն անդրադարձավ նաև համայնքում աղբահանություն իրականացնող ՀՈԱԿ-ի գործունեությանը, և այս առումով ևս մի շարք խնդիրներ ամրագրվեցին: Ընկերությունը պատշաճ աղբահանություն չի իրականացնում, մինչդեռ վճարվում է ամբողջ ծավալով, աղբահանության վճարները ևս համայնքի բնակիչներից կանոնավոր չեն գանձվում: Համայնքը նախորդ տարիներին բնակիչների նկատմամբ ոչ մի վարչական վարույթ չի կիրառել, աշխատանքները պատշաճ չկատարելու համար երբևէ պատասխանատվության չի ենթարկվել նաև աղբահանություն իրականացնող ընկերությունը:
Նշվեց, որ վերջինիս հետ կնքված պայմանագիրը պետք է փոփոխվի, կանոնադրությունը՝ ևս, քանի որ այն համայնքի շահերից չի բխում:
-Օձուն խոշորացված համայնքի տարածքում պատշաճ աղբահանություն այսուհետ ևս չիրականացնելու դեպքում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով համայնքի ղեկավարի նկատմամբ կհարուցվի վարչական վարույթ, նույն մոտեցումը կկիրառվի նաև մյուս համայնքների ղեկավարների նկատմամբ,-ասաց Գ. Մարկոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23