Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ

26.12.2019

Այսօր անցկացվեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսը, որին մասնակցում էին տեղական և հանրապետական լրատվամիջոցների մարզային ներկայացուցիչները:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ասուլիսին ներկա գտնվելու համար, նախ ամփոփ կերպով ներկայացրեց 2019թ. ըստ ոլորտների իրականացված աշխատանքները և ձեռքբերումները:
Նա նախ անդրադարձավ քաղաքաշինության ոլորտին՝ խոսելով ամենալուրջ ներդրումներ ունեցած ճանապարհաշինության բնագավառին:
2019թ-ին փաստացի կատարված աշխատանքների ծավալը կազմել է 4.81 մլրդ դրամ, որից պետ. բյուջեի ֆինանսավորումով՝ 2.87 մլրդ դրամ, այլ միջոցներով՝ 1.94 մլրդ դրամ: Նշված միջոցներով հիմնանորոգվել է 74 կմ, իսկ 28.05 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, ավարտը նախատեսված է 2020թ-ին: Լոռու մարզպետարանին մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման համար 2019թ.-ին հատկացվել էր 119.583 մլն դրամ, փաստացի վճարվել է` 99.1 մլն դրամ, որից ընթացիկ ձմեռային պահպանման համար՝ 24.8 մլն դրամ, ընթացիկ ամառային պահպանման համար՝ 74.3 մլն դրամ: Խնայողությունը կազմել է 20.483 մլն դրամ: Առավել խոշոր ծրագրերն են. Մ6՝ Վանաձոր– Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: Ծրագրի արժեքը՝ 8.742 մլրդ դրամ: Աշխատանքներն ընթացքի մեջ են. ներկայումս ընթանում են ճանապարհի լայնացման, ճանապարհային պաստառի պրոֆիլի բերման, հիմնատակի կառուցման և ինժեներական ցանցերի տեղափոխման աշխատանքներ: Երկրորդ փուլով նախատեսվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 51.74 կմ, որից 38.41կմ` Լոռու մարզում: Ավարտը նախատեսված է 2020թ-ի աշնանը:
-Ճանապարհի կառուցման ժամկետների ուշացումների պատճառը նախագծում հընթացս կատարված փոփոխություններն են եղել: Այժմ աշխատանքերը կրկին թափ են առել,-ասաց Ա. Ղուկասյանը:
Մ-3՝ Թուրքիայի սահման – Մարգարա – Վանաձոր – Տաշիր - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 12.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում. պայմանագրային ընդհանուր արժեքը՝ 921.8 մլն դրամ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետ. բյուջեի ֆինանսավորմամբ: Ավարտը նախատեսված է 2020թ-ին:
Մ-8՝ Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 20 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային ընդհանուր արժեքը՝ 1.205 մլրդ դրամ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետ. բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն ավարտված են:
Մ-7՝ Մ-3 – Սպիտակ – Գյումրի - Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8.0 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում ծրագիրն իրականացվում է ՀՀ պետ. բյուջեի ֆինանսավորմամբ: Պայմանագրային ընդհանուր արժեքը՝ 435 մլն դրամ: Ավարտը նախատեսված է 2020թ-ին:
Մ7 - Մեծ Պարնի - Ծաղկաբեր 6.24 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում: Պայմանագրային արժեքը՝ 656.4 մլն դրամ: Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և ՀՀ պետ. բյուջեի համաֆինանսավորմամբ: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Քաղաքաշինության ոլորտում 2019թ. իրականացվել են նաև շուրջ 1.77 մլրդ. դրամի շինարարական աշխատանքներ: Ըստ ֆինանսավորման աղբյուրների. ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 673.13 մլն դրամի, որից ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե՝ 606.13 մլն դրամ, ՀՀ մշակույթի նախարարություն՝ 67 մլն դրամ: Դոնոր կազմակերպությունների և մասնավոր ներդրողների կողմից՝ 602 մլն դրամ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ/ՀՏԶՀ/՝ 494.2 մլն դրամ(դպրոցների գազաֆիկացում, տանիքների վերանորոգում, ջրագծերի փոխարինում և լուսավորության անցկացում): 2019թ. –ին նշված բոլոր ուղղություններով աշխատանքներն ավարտված են: Քաղաքաշինության ոլորտում առավել խոշոր ծրագրերն են. Վանաձորի թիվ 18 դպրոցի վերակառուցումը (ծրագրային արժեքը՝ 1.150 մլրդ. դրամ): Աշխատանքները սկսվել են 2014թ.-ին: 2019թ. իրականացվել է՝ 172.497 մլն.դրամի աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներն ավարտված են:
Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցումը(ծրագրային արժեքը՝ 647.656 մլն. դրամ): Աշխատանքները սկսվել են 2017թ.: 2019թ. իրականացվել է 211.457 մլն դրամի աշխատանք: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքները կավարտվեն 2020 թվականին:
Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջ (ծրագրային արժեքը՝ 1.239 մլրդ.դրամ): Աշխատանքները սկսվել են 2017թ-ին: 2019թ. իրականացվել է 222.181 մլն.դրամի աշխատանքներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքները կավարտվեն 2020 թվականին:
Վանաձորի թիվ 7 դպրոցի կառուցում (ծրագրային արժեքը՝ 798 մլն դրամ): Շինարարական աշխատանքները սկսվել են 2017թ: 2018թ. կատարվել է 196.4 մլն.դրամի աշխատանքներ: Ծրագիրն իրականացվել է ՀՏԶՀ-ի կողմից՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: 2019թ. իրականացվել են 602 միլիոն դրամի աշխատանքներ: Աշխատանքներն ավարտված են:
Մարզպետն անդրադարձավ նաև «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանականերում իրականացված աշխատանքներին.2019թ.ին ավարտվել է 44 բարձր պատրաստականության կիսակառույց տների շինարարությունը, որի համար հատկացվել է 458 մլն դրամ: Այստեղ շուրջ 147 մլն դրամի տնտեսում է կատարվել և հնարավորություն է ստեղծվել ևս 7 անավարտ տներ շահագործման հանձնել: 2019թ.-ին պետբյուջեից հատկացվել է 452 մլն դրամ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շարունակական ընթացքի համար: Այս միջոցների շրջանակներում աշխատանքները ևս սկսված են. նախատեսվում է ավարտին հասցնել ևս 24 կիսակառույցի շինարարություն, 1 սենյականոցի շահառու հանդիսացող 7 ընտանիքի և 2 սենյականոցի հավակնող 1 շահառուի տրվել է գումարային փոխհատուցում:
Եվս 31 բարձր պատրասատականություն ունեցող տների շինարարություն է նախատեսվում ավարտին հասցնել այս միջոցների շրջանակներում, որոնք իրականացված են եղել շինարարական թերություններով: ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 674,782.0 հազ. դրամ է հատկացվել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 121 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:
-Լիովին կիսելով դեռևս բնակարանի իրենց հերթին սպասող լոռեցիների վրդովմունքն՝ ուզում եմ վստահեցնել, որ խնդիրը օր առաջ լուծելու հարցում կառավարության դիրքորոշումը հստակ է և վերջնական,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա հիշեցրեց նաև, Գուգարք համայնքի Էներգետիկների 3-րդ փողոցի հրդեհված N5 բազմակացարան ոչ հիմնական շինության նախկին բնակիչներ հանդիսացող թվով 7 ընտանիքի բնակարանային խնդիրը բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով լուծելու ՀՀ կառավարության որոշման մասին: Այդ նպատակով Լոռու մարզպետարանին կհատկացվի 27 մլն 750 հազ.դրամ՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Ա. Ղուկասյանն անդրադարձավ նաև պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին՝ նշելով, որ այս տարի իրականացվել է 56 ծրագիր՝ ընդհանուր առմամբ շուրջ 1.8 մլրդ դրամ ընդհանուր ներդրմամբ(2018թ.-ին իրականացվել է 506 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 20 ծրագիր):2020թ. նախատեսվում է գերազանցել այս ցուցանիշը:
Առողջապահության ոլորտում ևս, ըստ մարզի ղեկավարի, լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել: Մարզի առողջապահական ընկերություններում կտրուկ աճել են վճարովի ծառայությունների մուտքերը: Եթե 2018թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ վճարովի ծառայությունները կազմում էին 688434.4 հազ. դրամ, այդ թվում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ 290019.7 հազ. դրամ, ապա 2019 թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ վճարովի ծառայությունները կազմել են 984660.4 հազ. դրամ, այդ թվում՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ 611292.4 հազ. դրամ: «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տարեսկզբին ունեցած շուրջ 150 մլն. դրամ պարտքը 2019թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ամբողջությամբ մարվել է՝ նոր տնօրինության կողմից ճիշտ ղեկավարման և տնտեսավարման, ինչպես նաև դրամաշրջանառությունը «սպիտակ դրամարկղով» իրականացնելու շնորհիվ: Վերոնշյալ փաստը ապացուցում է, որ ավելացել են մատուցվող ծառայությունների ծավալները և որակը, մեծացել է ազգաբնակչության վստահությունը:
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն նորակառույց շենք տեղափոխվելուց հետո օրակարգային էր դարձել սրտային հիվանդություններով հիվանդների վիրաբուժական բուժօգնության հարցը, որը տարբեր տեխնիկական խնդիրների պատճառով անընդհատ հետաձգվում էր: ՀՀ Լոռու մարզպետ Ա.Ղուկասյանի գործուն միջամտությամբ, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության պետ Ա. Մխիթարյանի և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վ.Մկրտչյանի ջանքերով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2019թ. հուլիսի 22-ից բացվել է նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած «Ինվազիվ կարդիոլոգիայի՝ միջամտային սրտաբանության և ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի՝ միջամտային ճառագայթաբանության» բաժանմունք, որտեղ իրականացվում են և վճարովի, և անվճար ծառայություններ՝ պետական պատվերի շրջանակներում: Բաժանմունքում աշխատելու նպատակով հրավիրվել են բարձրակարգ 2 բժիշկներ՝ Արմեն Օքրոյանը և Վահե Նավասարդյանը: Վահե Նավասարդյանը Հայաստան է վերադարձել Թավշյա հեղափոխությունից հետո Սանկտ Պետերբուրգից, իսկ Արմեն Օքրոյանը՝ Երևանից, երկուսն է կայուն մտադրությամբ՝ ապրելու և աշխատելու Վանաձորում: Բաժանմունքում ընդունվել են աշխատանքի նաև Երևանում մասնագիտական վերապատրաստում անցած 3 ռենտգեն տեխնիկներ, 6 բուժքույրեր: Հետագայում՝ բաժանմունքի գործունեության ընթացքում, կազմը կհամալրվի նոր մասնագետներով: Բաժանմունքի գործարկման հիման վրա Վանաձորի բժշկական կենտրոնին ՀՀ առողջապահության նախարարության կողմից լրացուցիչ տրամադրվել է պետական պատվեր՝ ինվազիվ սրտաբանության համար, որից օգտվելու հնարավորություն ունեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք, հաշմանդամության խումբ ունեցողները, զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները և նրանց հավասարեցված անձինք:
-Վստահ եմ կարճ ժամանակ անց Վանաձորի բժշկական կենտրոնը կդառնա տարածաշրջանում եզակի առողջապահական ըկերություն, որը մատուցվող ծառայությունների առումով կկարողանա մրցակցել հանրապետության ամենաառաջավոր կլինիկաների հետ,-ասաց մարզի ղեկավարը:
Նա նաև անդրադարձավ մարզի առողջապահական այլ հիմնարկների ձեռբերումներին: «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով ձեռք է բերել ՏՈՒՐ սարքավորում՝ 4 մլն.200 դր արժեքով, կլինիկական արյունաբանական վերլուծիչ 3 մլն.200 դր արժեքով, 1 «ՈՒազ» մակնիշի շտապ օգնության մեքենա: 2018 թվականի հուլիսի 1-ից, այնուհետև 2019 թվականի հունվարի 1-ից ՀՀ –ում բարձրացվել են առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը՝ գրեթե 30 տոկոսով, իսկ հիվանդանոցային օղակի բուժաշխատողներինը դեռևս մնում են նույնը: Լոռու մարզի հիվանդանոցային բուժօգնություն իրականացնող առողջապահական ընկերությունների բուժաշխատողների աշխատավարձերը հնարավոր եղավ բարձրացնել ընկերություններում վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ: Այսպես, եթե 2018թ. «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բժշկի միջին աշխատավարձը կազմել է 267.000 դրամ, 2019թ. այն կազմում է շուրջ 455.000 դրամ: Իրականացվել են նաև այլ աշխատանքներ.Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տեղում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացեր՝ մարզի բուժքույրերի համար: Արդեն վերապատրաստվել են թվով 63 բուժքույրեր: «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է շտապօգնության գծային մեքենա՝ հագեցված օժանդակ սարքավորումներով: «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով ձեռք է բերել որովայնային լապարասկոպիայի սարքերի և գործիքների հավաքածու, բիոքիմիական անալիզատոր, հեմատոլոգիական անալիզատոր, տեսահսկման սարքավորումներ: «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին է տրամադրվել Յագ լազերային համակարգ՝ ներառյալ սեղան և լրակազմ: «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն սեփական միջոցներով ձեռք է բերել իմունաֆերմենտային անալիզատոր: ՀՀ ԱՆ-ի հետ համագործակցության շրջանակներում և երիտասարդ բժիշկների հետ տարվող աշխատանքի արդյունքում ընդունվել են աշխատանքի նպատակային օրդինատուրայով մասնագիտացված երիտասարդ բժիշկներ՝«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 1 վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 1 անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, 1 սրտաբան, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում և «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ համատեղությամբ մեկ բժիշկ ռադիոլոգ: ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Գուգարք» ԿՊ» ՓԲԸ-ին է տրամադրվել թվային ռենտգեն սարքավորում: Մի շարք առողջապահական ընկերություններ համալրվել են բժշկական սարքավորումներով և գույքով: Մարզի առողջապահական ընկերությունները սերտ համագործակցել են մի շարք միջազգային ընկերությունների հետ՝ «Վորլդ Վիժն Հայաստան», Հայաստանի Մանուկներ Բարեգործական հիմնադրամ /«COAF»/: Հայաստանի Մանուկներ Բարեգործական հիմնադրամ /«COAF»/-ի կողմից մի շարք ընկերություններում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, տրամադրվել գույք և սարքավորումներ:«Արարատ» մոր և մանկան առողջարան են ուղեգրվել մինչև 18 տարեկան 12 հաշմանդամ երեխաներ և 12 խնամող:
Կրթության ոլորտում ևս ձեռքերումնե են արձանագրվել. ՀՀ Լոռու մարզում 2019թ-ին համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվն ավելացել է 2-ով (Գյուլագարակի և Մեծ Պարնիի նախադպրոցական ուսումնական հաստատություններ, 119 երեխա՝ 4 խմբով), իսկ դպրոցահեն նախակրթարանների թիվը՝ 1-ով (Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոց, 30 երեխա՝ 1 խմբով): 2019 թ-ի փետրվարի 14-ից մարտի 13-ը կազմակերպվել և անց է կացվել դպրոցականների առարկայական օլիմպիադանների տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են համապատասխանաբար՝ 1420 և 612 աշակերտներ: Մարզային փուլի արդյունքում 111 /նախորդ տարում` 120/ աշակերտներ իրավունք են նվաճել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:
2019թ-ի դպրոցականների առարկայական օլիմպիադային Լոռու մարզը ունեցել է հանրապետական փուլի 39 (նախորդ տարում` 32) մրցանակակիր, նախորդ տարվա համեմատությամբ մրցանակակիրների թիվն ավելացել է 7-ով:
2019թ-ին ՀՀ Լոռու մարզից ՀՀ պետական ԲՈւՀ-եր հայտագրվել է 906 դիմորդ, որից ընդունվել են 739 շրջանավարտներ: Նախորդ տարվա համեմատությամբ ԲՈւՀ ընդունվողների թիվը կրկնապատկվել է (նախորդ տարի 370):
ՀՀ Լոռու մարզային ենթակայության՝ հատկապես գյուղական դպրոցներում մասնագետների պակասը լրացնելու համար ՀՀ Լոռու մարզպետարանը 2015թ-ից ի վեր համագործակցում է <<Դասավանդիր, Հայաստան>> հիմնադրամի հետ: Համագործակցության արդյունքում 2015, 2016 և 2017 թվականներին ՀՀ ԿԳ նախարարի հատուկ հրամաններով(2 տարի ժանկետով) ՀՀ Լոռու մարզի դպրոցներ են գործուղվել համապատասխանաբար 6, 12 և 22 մասնագետներ:
2018թ.-ին Լոռու մարզի դպրոցներում աշխատել են <<Դասավանդիր, Հայաստան>> հիմնադրամի կողմից գործուղված թվով 34, 2019 թ.-ին՝ 37 ուսուցիչներ:
- «Դասավանդի'ր, Հայաստան» ծրագիրը ստեղծում է այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարող է ստանալ գերազանց կրթություն,-ասաց մարզի ղեկավարը։
Հավաքագրվել և ամփոփվել է տեղեկատվություն՝ ՀՀ Լոռու մարզի սահմանամերձ և լեռնային համայնքներում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների երթևեկող ուսուցիչների և աշակերտների մասին: ՀՀ Լոռու մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների երթևեկող ուսուցիչների և աշակերտների փոխհատուցման համար 2019 թվականին հատկացվել է 2992 հազ դրամ: 2020 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 23160.0 հազ. դրամ /ավելացվել է 20168.0 հազ. դրամով/:
ՀՀ Լոռու մարզային ենթակայության թվով 22 հանրակրթական ուսումնական հաստատություն ունի « Սմարթ» դասարան:
2019 թվականին Լոռու մարզպետի նախաձեռնությամ մարզային ենթակայության դպրոցների 14 ինֆորմատիկայի ուսուցիչներ մասնակցեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից իրականացվող Լոռու մարզի «Սմարթ» դասարաներ ունեցող դպրոցների ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների վերապատրաստման եռամսյա ծրագրին:
Մարզային ենթակայության 21 դպրոցներում սեպտեմբեր ամսից գործում են «Համակարգչային գիտություն» առարկայի խմբակներ, ինչը միտված է գյուղական և քաղաքային համայնքների երեխաների մոտ զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, խթանելու աշակերտների մոտ այդ ոլորտում մասնագիտական կողմնորոշումը:
2016 թվականից սկսած ռոբոտաշինության խմբակների հիմքի վրա Լոռու մարզում ստեղծվել են թվով 22 «Արմաթ» լաբորատորիաներ:
ՀՀ կառավարության 2019թ-ի հուլիս 4-ի թիվ 872-Ն որոշման և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության հետ 2019թ-ի օգոստոսի 21-ին կնքված պայմանագրի համաձայն, մինչև 2019թ-ի տարեվերջ ՀՀ հանրակրթական համակարգի 284 դպրոցներում ներդրվել են Արմաթ ինժեներական լաբորատորիաներ, որից 118-ը Լոռու մարզի դպրոցներում: Ընդգրկվել են 33 -ից ավել աշակերտ ունեցող բոլոր այն դպրոցները որտեղ չեն գործում նման լաբորատորիաներ:
Ներկայիս՝ բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, այս լաբորատորիաները հնարավորություն են տալիս գյուղական և քաղաքային համայնքների երեխաների մոտ զարգացնել ինժիներական միտքը, ծրագրավորման կարողությունները, թույլ են տալիս նրանց աշխատել բարձր տեխնոլոգիաների հետ և խթանում են երեխաների մասնագիտական կողմորոշումը:
Մարզային ենթակայության պետական ուսումնական հաստատությունների հաստիքների վերաբերյալ մարզպետը նշեց, որ 2019 թվականին մարզային ենթակայության թվով 31 ուսումնական հաստատությունում անց են կացվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթներ: Այս պահի դրությամբ թվով 4 դպրոցում (Ստեփանավանի թիվ 2 հ/դ, Ստեփանավանի թիվ 3 հ/դ, Մեծավանի թիվ 2 մ/դ, Ահնիձորի հ/դ) տնօրենի պաշտոնի թափուր տեղերը դեռևս չեն համալրվել:
Ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները ոչ պատշաճ կատարելու համար 9 դպրոցների տնօրենների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր, հիմնականում վերացվել են հայտնաբերված խախտումները, 2 տնօրեններ վաղաժամկետ ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
Հաստիքների վերանայման արդյունքում տնտեսվել են ֆինանսական միջոցներ, իսկ ֆինանսական միջոցների տնտեսման արդյունքում շուրջ 100 դպրոցներում կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: 2019թ. 2-րդ կիսամյակին վերաբաշխված միջոցների հաշվին ՀՀ Լոռու մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ:
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում» երկրորդ փուլով ընդգրկվել են Ալավերդու թիվ 2, Օձունի թիվ 2 և Վանաձորի թիվ 19 դպրոցները: Վանաձորի թիվ 19 դպրոցում այս պահին կազմվում են նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Մոդուլային դպրոցների վերաբերյալ մարզպետը նշեց, որ «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակներում համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել փոքր թվակազմով երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար: Նշված ծրագրով նախատեսվում է ՀՀ համայնքներում փոքր թվակազմով երեխաներով համալրված (մինչև 100 սան ունեցող) սեյսմակայունության խնդիրներով հանրակրթական դպրոցների փոխարեն կառուցել մոդուլային շենքեր, որոնք կծառայեն և որպես հանրակրթական դպրոցներ, և որպես նախակրթարաններ, և որպես համայնքային մշակույթի կենտրոններ: «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակներում նախատեսվող փոքր թվակազմով աշակերտներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման 2019 թվականի ծրագրում Լոռու մարզից ընդգրկվել են Հագվու և Մեդովկայի դպրոցները, ընթանում են նախագծման աշխատանքները: 2020-2021թթ. ծրագրում առաջարկվել է ընդգրկել Լոռու մարզի Մղարթի, Բլագադարնոյեի, Ջիլիզայի և Կաթնառատի դպրոցները:
Մարզպետն անդրադարձավ նաև այս տարի իրականացված մշակութային և սպորտային միջոցառումներին:
2019թ. գյուղատնտեսության ոլորտի ձեռքբերումներին անդրադառնալով մարզպետը նշեց, որ 2019 թ. ընթացքում այս ոլորտում (պետական, միջազգային, մասնավոր) ներդրումները կազմել են շուրջ 4 մլրդ 323 մլն 390 հազար դրամ, նախորդ տարվա 1 մլրդ 950 մլն դրամի փոխարեն, աճը կազմում է 2 մլրդ 373 մլն 390 հազար դրամ կամ 45.1 տոկոս: Ջերմոցային տնտեսությունները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 1,05 հա-ով կամ 95 տոկոսով և կազմել 2,15 հա: Սառնարանային տնտեսությունների հզորությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 տոննայով կամ 10,6 տոկոսով և կազմել 415 տոննա: Հակակարկտային ցանցով պատված ինտենսիվ այգիները ավելացել են 0,8 հա-ով կամ 53,3 տոկոսով և կազմել 2,3 հա: Կաթիլային համակարգով ոռոգվող հողատարածքները ավելացել են 21,3 հա-ով կամ 67,6տոկոսով և կազմել 52,8 հա: Ինտենսիվ այգիները ավելացել են 10,9 հա-ով կամ 34,6 տոկոսով և կազմել 42,4 հա: Հակակարկտային կայանքների թիվը ավելացել է 16-ով կամ 39 տոկոսով և կազմել 57: Ոռոգվող հողատարածքները ավելացել են 874 հա-ով, փաստացի հնարավոր ոռոգվող շուրջ 2500-ի փոխարեն: ՀՀ պետական աջակցության ծրագրի շրջանակներում և մարզպետարանի աջակցությամբ, ինչպես նաև մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվել են գյուղատնտեսական ծրագրեր:
Պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում իրականացվել են՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ շահառուների թիվը՝ 792, տրամադրված վարկերի գումարը՝ 3 միլիարդ 40 մլն. 350 հազար դրամ, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիր՝ շահառուների թիվը՝ 28 մարդ, տրամադրված վարկերի գումարը՝ 171 մլն.369 հազար դրամ, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիր՝ շահառուների թիվը՝ 3 մարդ, տրամադրված վարկերի գումարը՝ 21մլն.834 հազար դրամ, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ շահառուների թիվը՝ 6 մարդ, տրամադրված վարկերի գումարը՝ 129 մլն 949 հազար դրամ, «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիր՝ շահառուների թիվը՝ 1 մարդ, տրամադրված փոխհատուցման գումարը՝ 252 հազար դրամ: Եվս 2 պետական աջակցության ծրագրեր կիրականացվեն 2020-2023թթ. ընթացքում, «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման» և «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման», որոնց վերաբերյալ արդեն իսկ մարզպետարանի կողմից համայնքներում իրականացվել են իրազեկման աշխատանքներ:
Գարնանացան ցորենի, հնդկա¬ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2019 թվականի ծրագրի շրջանակներում Լոռու մարզի 28 համայնքներին հատկացվել է` ընդանուր առմամբ 26,19 տոննա սերմացու, որով կատարվել է 287 հա ցանք: «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում 2019 թվականի աշնանը մարզին անհատույց հատկացվել է 498 լիտր «Բրոմադիալոն» տեսակի մկնասպան միջոց, որով հողօգտագործող¬ն¬ե¬րի միջոցով պայքար է իրականացվել 6225 հեկտար գյուղատնտեսական նշանա¬կության հողատեսքերում:
ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 13-ի N 1835-Ն որոշման համաձայն մարզի 22 բնակավայրերի 2557 հողօգտագործողների՝ 1509 հա ցանքատարածություններին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասները մասնակի փոխհատուցելու նպատակով հատկացվել է 52,53 մլն դրամ:
Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի շրջա¬նակ¬ներում 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացվել է 35339 ախտորոշիչ, իսկ տուբերկուլյոզի նկատմամբ 1553, սիբիրախտի՝ 70643, խշխշան պալար՝ 5646, դաբաղի՝ 69118, պաստերելյոզի՝ 45789, վարակիչ մաշկաբորբի՝ 23322 կանխարգելիչ միջոցառում: Մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության նկատմամբ կատարվել է 1269 ախտորոշիչ միջոցառում: Խոզերի ժանտախտ հիվանդության նկատմամբ կատարվել է 27032, ձիերի սիբիրախտի՝ 362, թռչունների ժանտախտի՝ 78725 կանխարգելիչ միջոցառում, ընդհանուր թվով Լոռու մարզում իրականացվել է 358798 միջոցառում:
Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջո-ցառման շրջանակում նախատեսված էր հետազոտել մարզի 8 համայնք, սակայն 2019 թվականի հետազոտվել է արդեն 11 համայնքի գյուղատնտեսական նշանակության 5573 հա հող: Հետազոտվող տարածքից վերցված 1955 հողանմուշում կատարվել է 4708 փորձաքննություն, կազմվել են ագրոքիմիական քարտեզներ:
Մարզպետարանի աջակցությամբ ՀՀ կառավարության հրատապ ծրագրով Լուսաղբյուր համայնքում կառուցվել է 350մ երկարությամբ ոռոգման ցանց, ներ է դրվել 7 մլն 500 հազ. ՀՀ դրամ: Համայնքում ոռոգելի հողատարածքները ավելացել է 30 հա-ով:
Գյուղատնտեսության ոլորտում սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են հետևյալ աշխատանքները.
Մեծավան համայնքում ձեռք է բերվել БТЗ-246К.20 մակնիշի տրակտոր 32 մլն դրամ արժեքով, որից 50 տոկոսը համայնքի միջոցներով, մյուս մասը պետական ներդրմամբ:
Լոռի բերդ համայնքում ձեռք է բերվել թվով 2 տրակտորներ՝ բելառուս МТЗ-1221.2 մակնիշի և թվով 4 գյուղգործիքներ՝ ընդհամենը 35.75 մլն դրամ արժեքով, որից 50 տոկոսը պետական միջոցներով
Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրում վերանորոգվել է 920 մ երկարությամբ ոռոգման գլխավոր ջրատարը 16,65 մլն դրամ ներդրմամբ, որի 65 տոկոսը պետական միջոցներով: Արդյունքում ոռոգելի հողատարածքները կավելանա շուրջ 600 հա-ով:
Գյուլագարակ համայնքում (Գարգառ 1-հատ, Կուրթան 1-հատ, Վարդաբլուր 1-հատ, Հոբարձի 1-հատ, Գյուլագարակ 1-հատ) տեղադրվել է ընդանուր առմամբ թվով 5 հակակարկտային կայանքներ՝ 10.5 մլն դրամ արժեքով:
Լոռի բերդ համայնքում (Բովաձոր-2 հատ, Ուռուտ-2 հատ, Սվերդլով 2-հատ) տեղադրվել է ընդանուր առմամբ թվով 6 հակակարկտային կայանքներ՝ 12.6 մլն դրամ արժեքով:
Օձուն համայնքում կառուցվել է 1403մ երկարությամբ ոռոգման փակ համակարգ, որի արդյունքում Օձուն համայնքի ոռոգվող հողատարածքները ավելացել են 80 հա-ով, իսկ Այգեհատ բնակավայրում 1300մ երկարությամբ ոռոգման համակարգ, որտեղ տնամերձերը կոռոգվի 20 հա-ով: Աշխատանքների վրա ներ է դրվել 34.778 մլն դրամ, որից 22.606 մլն դրամը պետական միջոցներով:
Կաթնաջուր համայնքում ձեռք է բերվել МТЗ 82.1 մակնիշի տրակտոր 8.3 մլն դրամ արժեքով և թվով 4 գյուղգործիքներ 5.33 մլն դրամ արժողությամբ:
Սարահարթ համայնքում կառուցվել է 880 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց: Կատարված աշխատանքների վրա ներ է դրվել 16.15 մլն դրամ, որից 10.498 մլն դրամը պետական միջոցներով: Արդյունքում Սարահարթ համայնքի տնամերձերը կոռոգվի 52 հա-ով:
Հարթագյուղ համայնքում կատարվել են ոռոգման համակարգերի բարեկագման աշխատանքներ, որի արդյունքում ոռոգելի հողատարածքները կավելանան 92 հա-ով, կատարված աշխատանքների վրա ներ է դրվել 28.92 մլն դրամ:
Լեռնապատ համայնքում ձեռք է բերվել Չինվան 804 մակնիշի տրակտոր և թվով 1-հատ գյուղգործիք ընդանուր 9.28 մլն դրամ արժեքով:
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում իրականացվում են.
Աջակցություն մարզում գործող <<Դուստր Մելանյա>>, <<Գագիկ Մամուկյան>>, <<Տարոն Մաթոսյան>> ՍՊԸ կաթի վերամշակման արտադրամասերին՝ արտադրությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելու գործում: Կատարվել է 66.5 մլն. դրամի ներդրում: Հիմնվել են 19 անասնաբուժական կետեր՝ Տաշիր ստեփանավան, Սարչապետ, Մեծավան, Լոռի Բերդ, Գյուլագարակ, Մարգահովիտ, Ջրաշեն համայնքներում: Կատարվել է 11.8 մլն. դրամի ներդրում: Ծրագրի շրջանակներում թվով 36 ֆերմերներ սուբսիդավորման եղանակով ձեռք են բերել 148 գլուխ բարձր մթերատու խոշոր եղջերավոր կենդանիներ: Կատարվել է 40.0 մլն. դրամի ներդրում: Ծրագրի շահառու 7 համայնքների (Մարգահովիտ.Գյուլագարակ, Լոռի Բերդ, Ստեփանավան, Տաշիր, Սարչապետ, Մեծավան) 35 բնակավայրերում ընթացքի մեջ է 91 միավոր արոտոյին ենթակառուցվածքի շինարարության գործընթացը: Կատարվել է 92.95 մլն. դրամի ներդրում: <<Ֆամմա ֆուդ>> ՍՊԸ արտադրողականության ծավալները ավելացնելու նպատակով կատարել է վերազինման և շինարարական աշխատանքներ: Ներ է դրվել 140 մլն. դրամ: Շարունակվում է Տաշիրի տարածաշրջանում գործող <<Բոզոյան>> ՍՊԸ-ի կողմից կառուցվող խոզաբուծական տնտեսության կառուցման աշխատանքները, ներ է դրվել 500 մլն. դրամ: Կառուցվում է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայում ինկուբատորային արտադրամաս, ներ է դրվել 300 մլն. դրամ: Ախթալա համայնքի Մեծ Այրում բնակավայրում հիմնվել է 5 հա ընկույզի ինտենսիվ այգի: Ներդրման գումարը կազմել է 29 մլն. դրամ: Գուգարք համայնքում հիմնվել է 40 տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն: Ներդրման գումարը կազմել է 35 միլ. դրամ, որից 13 մլն դրամը ներ է դրվել 2019թ-ն: Կարմիր Աղեկի բնակավայրում գործող <<Վահե Հովհանիսյան>> Ա/Ձ-ի կողմից հիմնադրված թռչնաբուծական տնտեսությունում կատարվել է 7.2 մլն. դրամի ներդրում, որի արդյունքում ձեռք է բերել նոր սարքավորումներ և ածան հավեր: Սպանդանոցների վերաբերյալ մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ մարզում գործում է 2 սպանդանոց <<Խասիկ Տիտանյան>>ՍՊԸ (Oձուն համայնք) և <<Միտք-Կ>> ՍՊԸ (Դարպաս համայնք): Գործարկման փուլում են գտնվում ևս 2 սպանդանոցներ Տաշիր և Սպիտակ համայնքներում, որոնք կգործարկվեն 2020թ-ն: Հաշվի առնելով նշված սպանդանոցների արտադրական հզորությունները և նրանց գտնվելու վայրերը (առկա են Տաշիրի, Սպիտակի, Գուգարքի և Թումանյանի տարածաշրջաններում) մարզում մորթի ենթակա անասնագլխաքանակը սպանդի ենթարկելու համար անհրաժեշտություն կա սպանդանոց հիմնել նաև Ստեփանավանի տարածաշրջանում: 2020թ.- նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը:
Ա. Ղուկասյանն անդրադարձավ նաև բնապահպանության ոլորտում իրականացվող ծրագրերին:
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին անդրադառնալով՝ մարզպետը նշեց, որ Լոռու մարզը ՀՀ-ում առանձնահատուկ դիրք է զբաղեցնում խնամատարության քանակական և որակական ցուցանիշներով: Հանրապետության ողջ տարածքում խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն ստացող 48 երեխաներից 17-ը Լոռու մարզում են, այսինքն՝ խնամատարության գործընթացի 35.4 տոկոս-ը իրականացվում է Լոռիում: Մարզն առանձնանում է նաև խնամատար ծնող դառնալ ցանկացողների այսօրինակ առաքելության հանդեպ ունեցած համարձակ մոտեցմամբ: Ընտանիքներից մեկում խնամվում են առանց ծնողական խնամքի մնացած երեք երեխա և երեք ընտանիքներում՝ երկուական:2019 թվականի խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց 50 տոկոսից ավելին Լոռու մարզից են:Դեկտեմբերի 24-ի դրությամբ Վանաձորի մանկատանը բնակվում է 35 երեխա: 2020թ. հունվարի 1-ին լուծարվելու է Վանաձորի մանկատունը, երեխաների մի մասը տեղափոխվելու է փոքր խմբով երեխաների տուն, 7 երեխայի նախատեսվում է տեղավորել խնամատար ընտանիքներ, 4 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք, իսկ 18 տարին լրացած որոշ երեխաների համար կվարձակալվեն բնակարաններ նախարարության և բարերարների կողմից: Այն երեխաներին, որոնց համար նշված այլընտրանքները չեն կարող կիրառվել, կտեղափոխվեն հանրապետության այլ մանկատներ:
ՀՀ Կառավարության 2017-2018 թթ-ին սոցիալական բարեփոխումների շրջանակներում խոշոր մանկատների ապաինստիտուցոնալացման գաղափարով ստեղծվեցին փոքր խմբով տներ՝ որպես այլընտրանք մեծ մանկատներին: Վանաձորում կա 2 փոքր խմբով տուն: «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կողմից 2018թ-ին ստեղծվել է Հայաստանում առաջին շուրջօրյա այլընտարնքային խնամքի «Սաբինե» փոքր խմբով տունը: Այժմ այնտեղ խնամվում են 7 երեխա: 2019թ-ի սկզբին «Հայ Օգնության Ֆոնդի» կողմից 1 տարի ժամկետով ստեղծվեց երկրորդ փոքր խմբով տունը: Այժմ այնտեղ կա 7 երեխա, որոնցից 4-ը մինչև տարեվերջ կտեղավորվեն խնամատար ընտանիքներում:
ՏԻ ոլորտի հետ կապված մարզպետը նշեց, որ խոշորցաման գործընթացով պայմանավորված համայնքներում ոչ թե նվազել, այլ ավելացել են հաստիքները.եթե մինչ խոշորացումը խոշորացվող համայքներում եղել են 1480 աշխատակիցներ, ապա դրանից հետո՝ 1566: Կրկնապատկվել ու եռապատկվել են նաև իրականացվող ծրագրերի ծավալները և՛ քանակական, և՛ գումարային առումներով: Հաջորդ տարվա համար 665 մլն դրամով կաճի նաև պետության կողմից համայնքներին տրվող դոտացիան:
Մարզը եկամուտների կատարողականով արդեն իսկ գերազանցել է 100 տոկոս ցուցանիշը, ինչը զգալիրոեն կաճի վերջնական ամփոփումից հետո:
Մարզի ղեկավար անդրադարձավ նաև 2019 թվականի ընթացքում իր կողմից Լոռու մարզի դատախազություն ուղարկված թվով 34 գրությունների հետ կապված մանրամասներին: Դրանք վերաբերում էին ինչպես մարզի մի շարք համայնքների ղեկավարներին, այնպես էլ՝ նրանց ենթակայության հիմնարկներին:
- Անհանդուրժող եմ լինելու բոլոր նման դեպքերի նկատմամբ և հետևողական, որ դրանք այլևս չկրկնվեն, իսկ զանցառուները՝ պատժվեն,-ասաց Ա. Ղուկասյանը: Նա անդրադարձավ նաև համանքների կողմից անցկացվող աճուրդներին՝ նշելով, որ համայքների ղեկավարները երբեմն աճուրդների վերաբերյալ այնպիսի գրություններ են ուղարկում մարզպետարան, որոնք ի սկզբանե մերժման ենթակա են՝ քաղաքաշինական նորմերին չհամապատասխանելու հիմքով՝ այդկերպ փորձելով կեղծ տպավորություն ստեղծել քաղաքացիների մոտ, որ մերժողը մարզպետարան է:
-Այդ կեղծ մանիպուլացիան չի ստացվելու և քաղաքացիները քաջ գիտակցում են, որ մարզպետարանը գործում է բացառապես օրենքի շրջանակներում,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա անդրադարձավ նաև մարզպետրանի կողմից իրականացված մի շարք այլ աշխատանքների ևս:
Մարզի ղեկավարը պատասխանեց նաև լրատվամիջոցների՝ «Հայաստանի Հանապետություն», «Լոռու մարզ» թերթերի, «Ֆակտոր.ամ» էլ.թերթի, «Արմենիա», «Ֆորտունա», «Անկյուն+3» հեռուստաընկերությունների, «Միգ» հեռուստառադիոընկերության, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների կողմից հնչեցված տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին ապօրինաշինությունների դեմ պայքարին, ապօրինի աճուրդներին, չգործող գործարանների հետագա ճակատագրին, անորակ շինարարական, այդ թվում նաև՝ ճանապարհաշինական աշխատանքներին և այլն, որոնց վերաբերյալ սպառիչ պատասխաններ հնչեցնելով՝ Ա. Ղուկասյանը նշեց, որ անհանդուրժող է լինելու ցանկացած անօրինական գործողության նկատմամբ և ջանք ու եռանդ չի խնայելու ապահովելու մարզի անխափան զարգացումը: 2020թ. անելիքներին և ակնառու ծրագրերին անդրադառնալով՝ մարզի ղեկավարը նշեց, որ չցանկանալով ժամանակից առաջ ընկնել, այնուամենայնիվ ուզում է հայտնել, որ հատկապես Վանաձորի զարգացման հետ կապված լուրջ ծրագրեր են նախատեսվում:
Ամփոփելով ասուլիսը՝ Ա. Ղուկասյանը շնորհավորեց ներկաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում լրատվամիջոցների աշխատանքը տարաբնույթ խնդիրների բարձրաձայնման առումով և նշեց, որ պատրաստ է ակտիվ համագործակցության նաև 2020 թվականին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:44:14