Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՍԱՆԵՐԻՆ
25.12.2019
Անցնող տարվա Լոռու մարզաշխարհը առատ էր մեդալների փայլով: Մեր պատանիներն ու աղջիկները միջազգային ամենահեղինակավոր մրցագորգերից տուն վերադարձան առատ ավարով, որոնցից լավագույններին և նրանց մարզիչներին այսօր խրախուսեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և ոլորտը համակարգող մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Անդրեյ Ղուկասյանը ողջունեց մարզաշխարհի նվիրյալներին, շնորհավորեց տարվա ընթացքում ձեռքբերած հաջողությունների և հաղթանակների կապակցությամբ, վստահեցնելով, որ մարզական հարուստ պատմություն ունեցող Լոռու մարզում ավանդույթի ուժով և մարզիչների համառ ջանքերի շնորհիվ շարունակվող հաղթանակների շղթան նաև մարզպետարանի աջակցությամբ ու խրախուսմամբ չի ընդհատվի: Նա տեղեկացրեց, որ այս տարի սպորտային կյանքում նկատվել է զգալի առաջընթաց և կառավարության աջակցությամբ նոր պայմաններ են ստեղծվել պարապմունքներն առավել արդյունավետ և անհրաժեշտ պայմաններում կազմակերպելու համար:
Տարբեր մարզաձևերից մարզի ղեկավարը և Գայանե Մարկոսյանը պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեցին մարզիչներին և նրանց սաներին:
Ներկաները մարզի ղեկավարին փոխանցեցին իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնց ի պատասխան մարզային իշխանության ներկայացուցիչները վերահաստատեցին մարզպետարանի և կառավարության պատրաստակամությունը՝ հորդորելով չնվազեցնել եռանդն ու նվիրումը, որոնք կարճ ժամանակահատվածում կբազմապատկեն բաղձալի արդյունքները:
Վերջում նախատոնական լուսանկար և 2020 թվականին միմյանց առողջ և ուժեղ տեսնելու ջերմ մաղթանքներ: