Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» ծրագիրը կիրականացվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում. մեկնարկը կտրվի 2020թ. մայիս-հունիս ամիսներին.

23.12.2019

Եվրոպական միության կողմից ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ մեկնարկում է նոր «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» (LEAD) ծրագիրը, որի վերաբերյալ հերթական քննարկումն անցկացվեց Լոռու մարզպետարանի դահլիճում: Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո դե լա Ռոսան, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, ներկայացուցիչներ ՄԱԶԾ-ից, Ավստրիական զարգացման գործակալությունից, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնից, ՀՀ ՏԿԵ Միգրացիոն ծառայությունից, Էկոնոմիկայի նախարարությունից, այլ միջազգային կառույցներից և շահագրգիռ կազմակերպոթյուններից, ինչպես նաև ներկայացուցիչներ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզպետարաններից:
Քննարկման նպատակն էր Կառավարության գործընկերների հետ մտքեր փոխանակել LEAD ծրագրի և ապագայում դրա իրականացման վերաբերյալ:
Ներկաներին ողջունեց և Վանաձորում հանդիպման կազմակերպման համար իր երախտագիտությունը հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
-Ծրագրի ներկայացման նպատակով առաջին քննարկումը տեղի է ունեցել ընդամենը ամիսներ առաջ, և այս ընթացքում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ արդեն մի քանի հանդիպումներ են անցկացվել:
-Շնորհակալություն եմ ուզում հայտնել այս գործընթացին Լոռու մարզպետարանին հենց սկզբից մասնակից դարձնելու համար, որովհետև այս կերպ առավելապես երաշխավորվում է ծրագրի հաջող ընթացքն այն առումով, որ արդյունավետ համագործակցելու և ծագող խնդիրները հենց սկզբում լուծելու հնարավորություն է առաջանում,-ասաց Ա. Ղուկասյանը:
Վ. Տերտերյանն, իր հերթին ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել հյուսիսիային երեք մարզերում՝ Լոռի, Շիրակ և Տավուշ ու որպես կենտրոն՝ ծրագրերի իրականացման համար ընտրվել է Վանաձորը:
Նա ասաց, որ «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման» (LEAD) ծրագիրը նպատակ ունի խթանելու շահագրգիռ կողմերի լայն շրջանակի (տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններ, բիզնես կառույցներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) ներգրավվածությունն իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:
Ծրագիրը կիրառելու է Եվրոպական միության անդամ պետություններում իրականացվող LEADER և Համայնքահեն տեղական զարգացում (CLLD) ծրագրերի մոտեցումները՝ խրախուսելով համայնքների ներկայացուցիչներին զարգացման տեղական ռազմավարությունների մշակման և առաջնահերթությունների սահմանման գործընթացում կիրառել ներքևից վերև նորարարական մեթոդներ և գործիքներ:
Շնորհանդեսի միջոցով ներկայացվեցին ծրագրի մանրամասները: Ծրագիրը եռամյա է, նպատակը տարածքների զարգացումն է տեղական զարգացման ծրագրերի միջոցով, որը հիմնված է երկրի տարածքային զարգացման ռազմավարության վրա: Նշվեց, որ Տարածքային (համայնքային) զարգացման ռազմավարություններ մշակելու և այդ գործընթացում համայնքի անդամների ներգրավվածությունն ապահովելու նպատակով ձևավորվելու են համայնքային խմբեր: Համայնքային խմբերը ձևավորվելու են առկա ընդհանուր կարիքների և ակնկալիքների հիման վրա, հնարավոր է՝ ներառելով մի քանի տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնող շահագրգիռ կողմերի:
Համայնքային խմբերը կոչված են լինելու առաջարկել իրենց համայնքներում օրինակ՝ շրջակա միջավարի, հանրային ծառայությունների, կյանքի որակի, միջհամայնքային ենթակառուցվածների, ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված իրատեսական ծրագրեր: Ֆինանսավորման համար ընտրված ծրագրերը համայնքի բնակիչների կյանքում դրական փոփոխություն պետք է բերեն՝ աշախատատեղերի ստեղծման, նոր ծառայությունների մատուցման կամ ընդհանուր կենսապայմանների բարելավման միջոցով: Հնարավորության դեպքում ծրագրերի իրականացման համար կներգրավվեն նաև հավելյալ ֆինանսական միջոցներ՝ մասնավոր կամ տեղական/պետական ֆինանսավորման, արտասահմանյան փոխանցումների, միկրոֆինանսավորման կամ այլ գործիքների միջոցով: Զուգահեռաբար կազմակերպվելու են շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ ապահովելու ծրագրերի հաջող իրականացումը: Միաժամանակ, փորձակվելու է արտասահմանյան փոխանցումների միջոցով համայնքներում աշխատատեղերի ստեղծման և բիզնեսի զարգացման ծրագիր: Այս փորձնական ծրագրից քաղված դասերը հնարավորություն կընձեռեն կառավարությանը գործարկել արտասահմանյան փոխանցումների միջոցով զարգացման ծրագրեր իրականացնելու ինստիտուցիոնալ մեխանիզմ:
Ծրագրերի վերաբերյալ դիտարկումներ արեցին Գոնզալո Սերանո դե լա Ռոսան, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, քննարկմանը ներկա կառույցների մյուս ներկայացուցիչները ևս: Կարևորվեց հատկապես ծրագրերի մշակման գործընթացում բուհերի ներառումը:
Որոշում կայացվեց հաջորդ հանդիպումն անցկացնել փետրվարին, իսկ ծրագրերի մեկնարկը տալ արդեն մայիս-հունիս ամիսներին:
Շնորհակալություն հայտնելով ակտիվ քննարկման համար՝ մարզպետը կարևորեց համայնքների ընտրության հարցում մարզպետարանի մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ծրագրեր իրականացնել այնպիսի համայնքերում, որտեղ դրանք առավել արդյունավետ կարող են ընթանալ՝ տալով շղթայական ազդեցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59