Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պատրաստ է խորհրդատվությամբ աջակցել Լոռու մարզի ոլորտի զարգացմանը
19.12.2019
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հանձնարարությամբ բուհի 4 ֆակուլտետների դեկաներ հանդիպումներ են իրականացնում հանրապետության մարզերի գյուղատնտեսության բնագավառի պատասխանատուների հետ՝ վեր հանելու մարզերում առկա խնդիրները և դրանց լուծման հարցում առաջարկելու իրենց խորհրդատվական աջակցությունը:
Մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այսօր հանդիպեց համալսարանի բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանին, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանին և Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանին:
Ներկա էին նաև համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, գյուղ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը:
Մեթոդական ցուցումների, պրեզենտացիաների և տեղեկատվական մի շարք այլ նյութերի մատուցմամբ, համայնքային այցելությունների միջոցով համալսարանի դասախոսական կազմը պատրաստ է գյուղատնտեսական մեծ պոնտենցիալ ունեցող Լոռու մարզի գյուղատնտեսներին տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ ընդլայնելու և հզորացնելու իրենց տնտեսությունը:
Բուհում կստեղծվի խորհրդատվական հարթակ, որտեղ առցանց տարբերակով մասնագետները կպատասխանեն գյուղատնտեսների հարցերին:
Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար: Նշեց, որ Լոռին գյուղատնտեսական լուրջ հնարավորություններ ունի, սակայն հենց մասնագիտական տեղեկատվության պակասը նկատելիորեն կասեցնում է ոլորտի արագ զարգացումը: Անհրաժեշտ է կազմակերպել հանդիպումներ, դասընթացներ, որոնք կարող են նաև գյուղատնտեսներին զերծ պահել վերահաս խնդիրներից:
-Վերջերս Կուրթան համայնքում նկատված կարտոֆիլի բերքի թունավորման պատճառը ևս հենց տեղեկատվության պակասն էր, որը չնայած մարզպետարանի գործառույթը չէ, սակայն մենք նաև այս առումով ստանձնել ենք որոշակի պատասխանատվություն, նախարարությանը դիմել մի շարք առաջարկություններով,-իր խոսքում նշեց մարզպետի տեղակալը և պատրաստակամություն հայտնեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից տրամադրել անհրաժեշտ աջակցություն և խորացնել երկուստեք համագործակցությունը՝ ի շահ մարզի գյուղատնտեսների:
Հանդիպմանը հնչեցին մի շարք առաջարկություններ:
Ձեռբ բերվեց պայմանավորվածություն՝ մարզպետարանի ֆեյսբուքյան էջի օգնությամբ միջնորդ օղակ հանդիսանալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսների և գյուղատնտեսների միջև, որոնք իրենց հուզող հարցերը կարող են հղել arevabovyan@yahoo.com էլեկտրոնային հասցեին, իսկ բուհի կողմից տեղեկատվական հարթակի ստեղծվելուց հետո հարցերը և պատասխանները կկենտրոնանան մեկ վայրում և տեսանելի կլինեն հանրությանը: