Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորյա տոներին ընդառաջ. հանդիպում՝ մարզպետարան-ոստիկանություն-համայնք
18.12.2019

Դեկտեմբերի 18-ին անցկացվեց Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը, որը վարում էր մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը: Ներկա էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, մարզպետարանի և ոստիկանության պատասխանատու պաշտոնյաներ, Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը նշեց, որ հանդիպման օպերատիվ առիթը, ամանորյա տոների հետ կապված կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է, մասնավորապես՝ լռության ժամերը հրավառություններով խախտելու, ճանապարհային երթևեկության, փողոցային առևտրի ակտիվացման հետ կապված և այլն: Այս հարցերին անդրադառնալով՝ նա զգուշացրեց, որ նշված դեպքերում վարչական տուգանքներ կկիրառվեն:
-Մեր նպատակը ոչ թե տուգանելը, այլ նմանատիպ դեպքերի կանխարգելումն է,-ասաց վարչության պետի տեղակալը՝ ներկաներին առաջարկելով այս հարցում աջակցել ոստիկանությանը՝ իրականացնելով բացատրական աշխատանքներ:
Նա կարևորեց նաև նախատոնական և տոնական օրերին հասարակական կարգի պահպանման հետ կապված աշխատանքները, ինչպես նաև պայթուցիկ հրավառ նյութերի անցանկալի հետևանքների կանխարգելման նպատակով բնակչության հետ ոստիկանության, համայնքի ղեկավարության կողմից տարվելիք բացատրական աշխատանքները՝ նշելով, որ տոնական օրերին ոստիկանությունը շուրջօրյա ուժեղացված հերթապահություն է իրականացնելու:
Համայնքների ղեկավարները անդրադարձան նշված ուղղություններով իրենց համայնքներում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
Վալերի Խաչատրյանն իր հերթին մարզպետարանի աշխատակազմի և համայնքների ղեկավարների անունից պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել ոստիկանությանը հատկապես տոնական օրերին անցանկալի դեպքերը կանխարգելելու նպատակադրմամբ: