Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

16.12.2019

 Դեկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային օրն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանում: Մասնավորապես Լոռի Բերդ և Ստեփանավան խոշորացված համայնքներում մարզպետը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին: Լոռի Բերդ խոշորացված համայնքը սուբվենցիոն ծրագրերի առումով մարզում դարձյալ առաջամարտիկներից է. այստեղ 2019թ.-ին 8 ծրագիր է իրականացվում: Մարզի ղեկավարը նախ եղավ ծրագրի շրջանակներում վերանորոգված համայնքային կենտրոնում (նախահաշվային արժեքը կազմել է 13098.0 հազ. դրամ), որի աշխատանքներն ավարտվել են ընդամենը օրեր առաջ, հետո նաև համայնքի համար կառուցված գյուղտեխնիկայի ծածկարան-կայանատեղիի տարածքում (նախահաշվային արժեքը՝ 14148.0 հազ. դրամ):
Սուբվենցիոն մյուս ծրագիրը գյուղտեխնիկայի ձեռքբերումն է, որի շահագորշման արդյունքում համայքը նաև ապահովել է զգալի եկամուտ: Շուրջ 400 հեկտար համայնքային հողատարածք տեխնիկայի առկայության պայմաններում դարձել է մշակելի:
Մարզի ղեկավարի հաջորդ կանգառը Լոռի Բերդ խոշորացված համայնքի Լեջան, Ագարակ, Ուռուտ և Սվերդլով բնակավայրերն էին: Լեջանում ջրամատակարարման ներքին ցանցի մասնակի փոխարինման աշխատանքներ են իրականացվել (նախահաշվային արժեքը՝ 17148,0 հազ. դրամ), Ագարակում՝ համայնքային կենտրոնի տանիքի կապիտալ նորոգում, պատերի ամրացում և դռների ու լուսամուտների փոխարինում նորերով (նախահաշվային արժեքը՝ 19176,0 հազ. դրամ): Ուռուտում կապիտալ նորոգվել է համայնքային կենտրոնի տանիքը, տեղադրվել են դռներ և լուսամուտներ (արժեքը 24180,0 հազ. դրամ): Այստեղ շինարարը Ա. Ղուկասյանին տեղեկացրեց, որ հընթացս լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, այդ իսկ պատճառով ծրագրի ընթացքը դանդաղել է: Մարզի ղեկավարն առաջարկեց խնդիրը քննարկել առանձին հանդիպման ընթացքում:
Ա. Ղուկասյանն ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնեց աշխատանքների որակից: Նա նշեց, որ Լոռի Բերդը խոշորացման հենց այն որակն է, որն ակնկալվում է ստանալ բոլոր համայնքների միավորման արդյունքում: Նա նաև տեղեկացրեց, որ 2020 թվականին նախատեսվում է կրկին 7-8 սուբվենցիոն ծրագիր ներկայացնել, ինչը համայնքի կայուն զարգացման լավագույն գրավականն է:
Սվերդլովում նորոգվել է համայնքային կենտրոնի տանիքը, առաջին հարկում տեղադրվել են դռներ և լուսամուտներ (նախահաշվային արժեքը կազմում է 10524,0 հազ. դրամ):
Այստեղ բնակիչների մտահոգության առիթը այլ էր. նրանք դժգոհություն հայտնեցին, որ չնայած 2016-2017թ.թ. համայնքում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում ԾԻԳ» ՊՀ ֆինանսավորմամբ (արժեքը 242.9 մլն դրամ) իրականացված «Սվերդլովի խմելու ջրագծի կառուցման» ծրագրին, համայնքն, այնուամենայնիվ, շարունակում է զուրկ մնալ խմելու ջուր ունենալու հնարավորությունից: Մարզի ղեկավարն ի պատասխան նշեց, որ խնդիրը հանգամանալից ուսումնասիրության կենթարկվի, անհրաժեշտության դեպքում հարցով կզբաղվեն իրավապահ մարմինները:
Այցի վերջին կանգառը Ստեփանավան խոշորացված համայնքն էր: Այստեղ Ա. Ղուկասյանը ծանոթացավ ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքների որակին (նախահաշվային արժեքը կազմել է 35000.0 հազ. դրամ): Այստեղ աշխատանքները իրականացված են եղել որոշակի թերացումներով, սակայն այժմ դրանք վերացված են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-24 09:28:41