Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վորլդ Վիժն Հայաստանը 30 տարեկան է. Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա է եղել հոբելյանական հանդիսությանը
13.12.2019
Դեկտեմբերի 12-ին գուսան Զաքարյանի անվան Վանաձորի թիվ 3 մշակույթի տանը տեղի ունեցավ Վորլդ Վիժն Հայաստանի 30-ամյակին նվիրված միջոցառում:
Կազմակերպությունը մեկնարկել է նախատոնական հրաշալի նախագիծ՝ Գաղտնի Ձմեռ Պապ անվանմամբ, որի շրջանակներում ցանկացողները գնում են տոմսակ, որի գումարով Ամանորին մեկ երեխա տոնական նվերներ է ստանում գաղտնի Ձմեռ Պապից: Մարզպետ Ղուկասյանի կողմից նվերներ կստանան երկու երեխաներ:
Տոնական միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՎՎՀ Լոռու մարզային ծրագրի ղեկավար Արեգնազան Մարտիրոսյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Մարզի ղեկավարը բարձր գնահատեց կազմակերպության 30-ամյա ներդրումը Լոռու մարզի համայնքային կյանքում, հատկապես խոցելի երեխաների և նրանց ընտանիքների աջակցության և բարեկեցիկ կյանքի ապահովման հարցում: Նա նշեց, որ մարզպետարանը սերտորեն համագործակցել և առաջիկայում բազմակի եռանդով պատրաստվում է շարունակել համագործակցությունը կազմակերպության հետ:
-Ես վստահ եմ, որ լավագույն ծրագրերը դեռևս առջևում են, և մենք դեռ երկար տարիներ լծված կլինենք մարզի համայնքային կյանքի բարելավման կարևորագույն առաքելությանը,-ասաց մարզի ղեկավարը և, ի նշան բարեկամության ու երախտագիտության, Շնորհակալագիր հանձնեց Լոռու մարզային ծրագրի ղեկավար Արեգնազան Մարտիրոսյանին:
Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու նախորդ 30 տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի իրականացրած աշխատանքներին և ձեռքբերումներին , դիտեցին փոքրիկ տեսաֆիլմեր և հաջողության պատմություններ:
Վորլդ Վիժնի նոր ռազմավարական նպատակն է՝ աջակցել ծայրահեղ աղքատության մեջ ապրող, հաշմանդամություն ունեցող, բռնության ենթարկված, և շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաներին։ Հայաստանում նրանց թիվն ավելի քան 15.000 է: Այս երեխաների մեծ մասն ունեն ամենօրյա սննդի, հանգստի, կրթության ու զարգացման կարիք։
Առավել խոցելի երեխաների բարեկեցությունն ապահովելու համար Վորլդ Վիժնը աշխատանքներ է տանում ուղղակիորեն ընտանիքների և երեխաների հետ՝ կիրառելով աղքատության փուլային հաղթահարման մոտեցումը, ինչպես նաև հիմնում է երեխաների համար անհրաժեշտ ծառայություններ՝ ցերեկային եւ երկարօրյա կենտրոններ, անմիջապես համայնքներում։
Այսօր Վորլդ Վիժն Հայաստանն ունի 15 գրասենյակ, և կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110.000 երեխա երկրի ողջ տարածքում։
Նախորդ 30 տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի հիմնական ձեռքբերումներն են՝
1. Վորլդ Վիժնն այսօր աջակցում է յուրաքանչյուր 7-րդ երեխային Հայաստանում կամ ավելի քան 650.000 երեխայի վերջին 30 տարվա ընթացքում։
2. 2001-ից առ այսօր 50.000 երեխա մասնակցել է Վորլդ Վիժնի ամառային ճամբարներին:
3. Շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 586 երեխա։
4. Ամենօրյա աշխատանք է իրականացվում ծայրահեղ աղքատ 4000 ընտանիքների հետ։
5. Կազմակերպության միջոցներով հիմնվել են 70 ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ուսանում են 2000-ից ավելի աշակերտ։
6. Հայաստանի 70 համայնքներում կազմավորված արտադրողների 73 խմբերն արձանագրել են եկամտի կայուն աճ։
Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժնը սկսեց իրականացնել արդեն զարգացման ծրագրեր։