Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գ. Մարկոսյան. «Մարզի ղեկավարի պահանջն է. Նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են». Լոռի Բերդ, Օձուն և Գյուլագարակ համայնքներում հայտնաբերվել են խախտումներ

11.12.2019

 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի Լոռի Բերդ, Օձուն և Գյուլագարակ համայնքների պաշտոնակատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Տեսչական մարմինը նշված համայնքներում հողային հարաբերությունների և քաղաքաշինական գործունեությանն առնչվող հարցերի ուսումնասիրման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է մի շարք խախտումներ և թերություններ՝ առաջարկելով մարզի ղեկավարին համայնքների պաշտոնատար անձանց ենթարկել վարչական պատասխանատվության՝ միաժամանակ պարտավորեցնելով խախտումները վերացնել ողջամիտ ժամկետներում:
Այսուհանդերձ մարզի ղեկավարի կողմից նշված համայնքների ղեկավարներին առաջարկվել է առարկություններ և պարզաբանումներ ներկայացնել արձանագրված խախտումների վերաբերյալ:
Դրանց քննարկման նպատակով Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այսօր խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և նշված համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Արձանագրված խախտումներն, ինչպես պարզ դարձավ, առնչվում էին սխալ կազմված հողային հաշվեկշիռներին, հողատեսքերի փոփոխության խնդիրներին՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասում առանց փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ շինություններ կառուցելուն կամ այգիներ, անտառներ տնկելուն, վարձակալությամբ տրամադրված հողամասերի ժամկետների խախտմանը, ընդերքի օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի բացակայությանը, բնակավայրերի նպատակային նշանակությանը, բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասերի օտարմանը և այլն:
Համայնքի ղեկավարները բոլոր նկատառումների վերաբերյալ ներկայացրեցին իրենց առարկությունները, որոշ դեպքերում էլ՝ համաձայնեցին, որ վրիպում են թույլ տվել:
Գայանե Մարկոսյանն առաջարկեց կարճ ժամկետներում քայլեր ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ:
-Մարզի ղեկավարի պահանջն է. Նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի ու աններելի են, այսուհետ պետք է պարտավորված լինեք աշխատելու առավել հետևողական և գործելու բացառապես օրենքի շրջանակներում: Նման խախտումների արդյունքում առաջին հերթին վնաս է կրում համայնքը և համայնքային բյուջեն, հետևաբար համայնքապետերն առավել հետևողական պետք է գործեն դրանք վերացնելու և հետագայում նման խախտումներ թույլ չտալու հարցում ,-ասաց նա:
Փոխմարզպետը նաև նշեց, որ ներկայացված առարկությունները կքննարկվեն մարզի ղեկավարի հետ համապատասխան որոշում կայացելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52