Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
10.12.2019
Դեկտեմբերի 10-ին Լոռու մարզպետարանի՝ դեմս Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր առաջիկայում իրականացվելիք ծրագրերի շրջանակներում համագործակցության նպատակով՝ ի նպաստ մարզի համայնքների, ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը, երեխաների (հատկապես առավել խոցելի խմբերի) բարեկեցության ապահովմանը համապատասխան ծրագրերի իրականացման միջոցով:
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Լոռու մարզային ծրագրերի ղեկավար Արեգ Մարտիրոսյանը, կազմակերպության ներկայացուցիչներ:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ա. Մարտիրոսյանը նշեց, որ կազմակերպության համար ֆինանսական տարին մեկնարկել է հոկտեմբերից և այս շրջանակներում Լոռու մարզում բավականին կարևոր ծրագրեր են նախատեսում իրականացնել: Վերջիններիս թվում են Ստեփանավանում և Ալավերդիում ցերեկային կենտրոնների հիմնումը՝ սոցիալապես անապահով և խոցելի խմբերի երեխաների համար: Ընդ որում, Ստեփանավանում կազմակերպությունը համագործակցում է Գուգարաց թեմի հետ: Թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանի աջակցությամբ անվճար հիմունքներով մեկ ընդարձակ մասնաշենք է հատկացվել կենտրոնի գործարկման համար: Կազմակերպության միջոցներով այն վերանորոգվել և կահավորվել է: Մինչդեռ Ալավերդիում տարածքի ընտրություն դեռևս չի կատարվել՝ համապատասխան շինություն չլինելու պատճառով:
Ալավերդու թիվ 12 և Հաղպատի դպրոցներում «Վորլդ Վիժնի» աջակցությամբ կգործեն նաև երկարօրյա մեկական խմբեր՝ 20-ական աշակերտներով: Այստեղ կկատարվի դասապատրաստում, կտրվի նաև սնունդ:
Կազմակերպության կողմից իրականացվելիք հաջորդ ծրագիրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող աղքատության փուլայի հաղթահարման ծրագրի իրականացմանը կազմակեպության մասնակցությունն է: Կշարունակվեն մարզային կառույցի կողմից իրականացվող այլ ծրագրեր ևս:
Շնորհակալություն հայտնելով մարզում տարվող աշխատանքների և երեխաներին ու խոցելի խմբերին ուղղված ծրագրերի իրականացման արդյունավետության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ ինքը և մարզպետարանի բոլոր ստորաբաժանումները պատրաստակամ են ակտիվորեն համագործակցելու և կազմակերպությանն աջակցելու ցանկացած հարցում:
Հանդիպման շրջանակներում ներկաների մասնակցությամբ քննարկվեցին իրականացվելիք ծրագրերի մանրամասները: