Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում էր

09.12.2019

1988 թվականի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍԵ նախարար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Առաջին կանգառը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն՝ Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) համայնքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց ՝ ծաղիկներ խոնարհելով ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
ՀՀ վարչապետն այնուհետև այցելեց համայնքապետարան, հանդիպեց բնակիչներին, ծանոթացավ տեղի խնդիրներին: Բնակիչների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը կարևորեց սուբվենիցոն ծրագրերի իրականացումը:
«Մենք պետք է զարկ տանք սուբվենցիոն ծրագրերին, որոնց մասնակցում է և՛ կառավարությունը, և՛ բնակիչը, և՛ համայնքապետարանը: Սա համագործակցության կարևոր ձև է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ պետք է վերահսկողությունն ուժեղացնել, որպեսզի պետական միջոցներն արդյունավետ ծախսվեն:
Բնակիչները բարձրացրեցին երկրաշարժից տուժածների բնակարանների հարցը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական գործող ծրագրով պարտավորությունները եկող տարի ավարտվում են, սակայն նորից ուսումնասիրություն է կատարվելու՝ հասկանալու, թե որքան ընտանիքներ են մնացել, ում երկրաշարժից հետո չի փոխհատուցվել: «Պետական գործող ծրագրի ավարտվելն ամենևին չի նշանակում, որ թեման փակվեց, մենք կրկին անդրադառնալու ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Սպիտակ համայնքում երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի աղոթք հնչեցվեց առ Աստված, այնուհետև ՀՀ վարչապետը, պաշտոնատար անձինք ծաղկեպսակներ և ծաղիկներ տեղադրեցին հուշակոթողի առջև: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց նաև Սպիտակ քաղաքում գտնվող Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի, Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Նույն վայրում հանդիսավորությամբ բացվեց ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին: Բացման պատիվը շնորհվեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և քանդակագործ Լևոն Թոքմաջյանին:
Կիսանդրին Սպիտակում տեղադրելու առաջարկությունն ստացվել է ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից։ Քանդակի պատվանդանի կառուցումն իրականացվել է համայքնային միջոցներով: Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ Լոռու մարզպետարանի և Սպիտակի համայնքապետարանի աջակցությամբ։ Հումքը տրամադրել է Ագարակի «ՀԷԿ» ՍՊԸ քարի արտադրամասի տնօրեն Արթուր Չատինյանը: Քանդակագործին և քարի արտադրամասի տնօրենին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից հանձնվեցին շնորհակալագրեր:
«Ես շատ եմ լսել Քըրք Քրքորյանի մեծ գործերի, բարերարությունների մասին և ինքս ինձ համար որոշեցի քանդակել նրան, առանց որևէ սպասումների: Մտածում էի, թե երբ պետք է նա գա, որ նվիրեմ: Անցնում են տարիներ, և ես մի օր հեռուստացույցով տեղեկանում եմ, որ նա ժամանում է Երևան: Հաջորդ օրը գնացի այն հյուրանոց, որտեղ Քըրքը մնում էր, տարա քանդակը, նա այնտեղ չէր, կանգնած սպասում էի: Վերադարձավ, աստիճաններով բարձրանալիս, երբ քանդակը տեսավ, ծնկի իջավ և ասաց շատ-շատ լավ է: Նա հիացած էր այդ աշխատանքով: Տարավ այդ գիպսե քանդակը, սակայն իմ մեջ մնաց մի զգացողություն, որ ինչ-որ մի բան կիսատ է»,-ասաց Լևոն Թոքմոջյանը:
Քանդակագործը երազում էր, որ ինչ-որ մի ծրագիր իրագործեր մեծանուն բարերարի հետ կապված: Այլևս Քըրք Քըրքորյանին չհանդիպեց, և տարիներ անց հնարավորություն եղավ պատրաստել մեծ բարերարի քանդակը և այն տեղադրել Սպիտակում:
Քանդակագործը պատրաստվում է առաջիկայում քանդակել աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի արձանը:
Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան։ Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ այցելեց։ Լեռնանցք համայնք և շնորհավորեց բնակարանամուտ տոնողներին:
«Շնորհավորում եմ բնակարանամուտի կապակցությամբ, մաղթում եմ բարեկեցություն, առողջություն: Հույս ունեմ, որ այս նոր բնակարանով ձեր կյանքում նոր երջանիկ էջեր կբացվեն: Լավ եղեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Բնակարանամուտը նշանավորվեց բազմազավակ ընտանիքի ու ՀՀ վարչապետի հետ խորհրդանշական լուսանկարով:
Աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով 2019 թվականն աննախադեպ է եղել: Պետական ծրագրի շահառուների բնակարանային պայմանների բարելավման համար մի քանի անգամ ավելի գումար է հատկացվել, քան 2018 թվականին էր: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու, ընդհանուր առմամբ, ճանաչվել է 5 հազար 396 ընտանիք Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերից: Մինչև 2018 թվականը 4 հազար 838 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծված է եղել: 2018 թվականի դրությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ուներ 558 ընտանիք, որից այդ տարի 44-ն է պետությունից աջակցություն ստացել: 2019 թվականին սկզբում նախատեսվել էր 560 մլն դրամ: Բացառիկ հնարավորություն եղավ և տարեվերջին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 291 մլն դրամ լրացուցիչ ուղղվեց ծրագրին: 2020 թվականին կառավարությունը բյուջեով նախատեսել է 3 մլրդ դրամ, որով 226 ընտանիքի բնակարանային հարցը կլուծվի: Այսպիսով` աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն:
*Օրվա երկրորդ կեսին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00