Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՐ ԵՎ «ՀԱՅ- ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒՅԹՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽԵԼ

04.12.2019

Դեկտեմբերի 4-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Սերգեյ Ավանեսովին և գործադիր տնօրեն Վլադիմի Սիմոնյանին՝ քննարկելու նախորդ հանդիպումից ի վեր համատեղ իրականացված աշխատանքների մանրամասները և նախանշելու հետագա զարգացումները: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ և մարզի գործարարաներ:
Հիմնադրամի հետ գործակցությունը սկսվել է շուրջ 5 ամիս առաջ, իսկ այս տարվա սեպտեմբերին առկա համագործակցությունն է՛լ ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով Լոռու մարզպետարանն՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը»՝ ի դեմս նախագահ Սերգեյ Ավանեսովի, համաձայնագիր կնքեցին՝ պարտավորություն ստանձնելով համագործակցելու մարզում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում՝ նպաստելով Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ-չինական հարաբերությունները «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Հիմնադրամի նպատակն է ընդլայնել համագործակցությունը և ամրապնդել առևտրատնտեսական, մշակութային և կրթական կապերը Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև:
Ս. Ավանեսովը և Վլ. Սիմոնյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, տեղեկացրեցին, որ նախորդ ամիսների ընթացքում սերտորեն համագործակցել են մարզպետարանի հետ և փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն: Նշեցին, որ հանգամանորեն ծանոթացել են առաջարկվող ներդրումային ծրագրերին. նրանցից առավել հետաքրքրել են շուրջ 3-4-ը, որոնց ուղղությամբ նախատեսում են քայլեր ձեռնարկել:
Հիմնադրամի նախագահը ուրախությամբ հայտնեց, որ Լոռու մարզում նախատեսում են հաջորդ տարի աննախադեպ ծրագիր իրականացնել, մեծ ներդրումներ ներգարվելով՝ հիմնել հայ-չինական առևտրի տուն: Քայլեր են ձեռնարկում նաև Չինաստանի Սիչույան մարզի և Լոռու մարզի միջև բարեկամական հարաբերություններ և համագործակցություն հաստատելու ուղղությամբ, որը կլինի բացառապես փոխշահավետ տնտեսական գործակցության հիման վրա:
Հյուրերը խոսեցին նաև իրենց մտադրության մասին Լոռու մարզում հիմնելու բազալտային մանրաթելերի գործարան: Այդ ուղղությամբ առայժմ ուսումնասիրություններ են կատարվում, և հաջորդ տարի բազալտի որակի ուսումնասիրության նպատկով նախատեում են լաբորատորիա հիմնել:
Ս. Ավանեսովը նշեց, որ հիմնադրամի գլխավոր խնդիրն է ստեղծել հարմարավետ և գրավիչ ներդրումային միջավայր` նոր հնարավոր ներդրողների ներգրավման համար, ինչպես նաև՝ ազատ տնտեսական գոտիների ստեղծում, զբոսաշրջության զարգացում, համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ավանդական չինական բժշկության ախտորոշիչ կենտրոնի բացում և այլն:
-Հիմնադրամը կտրամադրի լիարժեք և համակողմանի աջակցություն ՀՀ եկող ներդրողներին, Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և տնտեսության տարբեր ոլորտներում գիտական և տեխնոլոգիական զարգացման արդյունքների իրականացմանը,-ասաց նա:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով նման կարճ ժամանակամիջոցում ակտիվ աշխատանքներ իրականացնելու համար՝ մարզպետը նշեց, որ որպես մարզի ղեկավար՝ գործակցությունը տեսնում է գլխավորապես երկու ուղղությամբ, առաջինը՝ չին զբոսաշրջիկների թվի զգալի ավելացում, դրան զուգահեռ հյուրանոցների կառուցում և ենակառուցվածքների զարգացում և երկրորդ՝ մարզի արտադրողների արտադրանքների արտահանում չինական շուկա.
-Պահանջարկ լինելու դեպքում մեր տնտեսվարողները պատրաստ են ավելացնելու արտադրանքի ծավալները,-ասաց մարզի ղեկավարը:
Որպես մեծածավալ ներդրում՝ նա առաջարկեց նաև Վանաձորի ճոպանուղու վերակառուցման ծրագիրը՝ այդ առումով ներկայացնելով նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունը հարակից ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ:
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ամենօրյա ռեժիմով աշխատանքներ իրականացնել.
-Համագործակցության հարթակն արդեն ձևավորվել է, և մենք պատրաստ ենք շատ արագ քայլերով առաջ շարժվելու,-ասաց հիմնադրամի նախագահը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36