Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծարվեցին Լոռու մարզային փրկարարական վարչության հաշմանդամություն ունեցող աշխատակիցները
02.12.2019
Դեկտեմբերի 2-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզային փրկարարական վարչությունում ներկա գտնվեց Հաշմանդամության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում մեծարվեցին և բարձր գնահատանքի արժանացան այստեղ աշխատող թվով 6 հաշմանդամություն ունեցող անձինք:
Մարզի ղեկավարն իր երախտագիտության խոսքը հղեց նրանց՝ կարևորելով վերջիններիս մեծ դրակատարությունը աշխատանքները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու հարցում.
-Նախևառաջ շնորհակալություն եմ ուզում հայտնել Լոռու մարզային փրկարարական վարչությանը նման միջոցառում նախաձեռնելու համար, ապա նաև աշխատանքներում ներգրավված հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր իրենց վստահված գործն իրականացնում են ամենայն պատասխանատվությամբ: Ձեզնից շատերին անձամբ եմ ճանաչում և բարձր եմ գնահատում ձեր մարդկային ու մասնագիտական բարձր արժանիքները,-ասաց նա:
Մարզի ղեկավարն իր խոսքում կարևորեց ինչպես ներառականության անհրաժեշտությունը, այնպես էլ՝ հանրային վայրերը մատչելի դարձնելու կարևորությունը.
-Վերջին տարիներին, թեև այս ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել, սակայն անելիքերը դեռևս շատ-շատ են և մեր բոլորիս ջանքները պետք է ուղղված լինեն այս նպատակի իրագործմանը,-ասաց նա:
Մեծարանքի ջերմ խոսքեր հնչեցրեց նաև վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը:
Վարչության հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնեցին նվերներ և ծաղկեփնջեր: