Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ներկա գտնվեց ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի 60-ամյակի հոբելյանական միջոցառմանը
02.12.2019
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը հանդիսավորությամբ նշեց հիմնադրման 60-ամյակը:
Տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը,նախկին և ներկա ուսանողներ, բազմաթիվ հյուրեր:
Բուհին հոբելյանական տարեդարձի առթիվ իր շնորհավորանքի խոսքը հղեց մարզի ղեկավարը:Կարևորելով Պոլիտեխնիկի մեծ դերակատարությունը ինժեներական մասնագիտությունների պատրաստման,գիտության ու կրթության ոլորտում ունեցած ծանրակշիռ ներդրման առումով, մաղթեց, որ բուհի ապագան լինի առավել փառապանծ, քան անցյալը: Բուհին ուղղված նրա ուղերձում մասնավորապես նշված էր.
<<Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, ստեղծման օրից ի վեր, արդեն 60 տարի, հազարավոր մասնագետներ է պատրաստել քաղաքաշինության, մեքենաշինության, թեթև արդյունաբերության, քիմիական տեխնոլոգիաների, ավտոմատիկայի և տելեմեխանիկայի, հիմա արդեն նաև` ծրագրային ճարտարագիտության և այլ բնագավառներում: Այն տասնամյակներ շարունակ հանդիսացել է ինժեներական մասնագիտությունների պատրաստման դարբնոց, գիտության քուրա: Բուհի պատրաստած բարձրակարգ մասնագետներն իրենց մեծ ավանդն են ունեցել ոչ միայն մեր մարզի, այլև երկրի արդյունաբերության, ինչպես նաև գիտության տարբեր ճյուղերի զարգացման գործում:
Բուհին մաղթում եմ նորանոր հաջողություններ հետագա գիտակրթական գործունեության մեջ՝ Նոր Հայաստանում իրականացվող քաղաքականությանը համահունչ մասնագետների պատրաստման գործում>>:
Անդրեյ Ղուկասյանը շնորհակալագրերով պարգևատրեց համալսարանի մի խումբ երախտավորների:
Ապա հնչեցին բազմաթիվ այլ շնորհավորանքներ:
Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր, ասմունք, երաժշտական կատարումներ, սաները հանդես եկան նաև պարային համարներով: