Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿՎԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

29.11.2019

Օրեր առաջ ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից միջնորդագիր էր ներկայացվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին առ այն, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործի ուսումնասիրության, տեղական ինքնակառավարման մարմնում ոչ պատշաճ են կատարվել քաղաքաշինության բնագավառում պետությանը պատվիրակված լիազորությունները:

Վերջինիս հետևանքով համայնքի ղեկավարի որոշմամբ օրինականացվել են այնպիսի ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էներգետիկ անվտանգության գոտիներում, ինչը կարող է իրական սպառնալիք հանդիսանալ մարդկանց կյանքի ու առողջության համար:   

Մարզի ղեկավարին դատախազությունը միջնորդել է ձեռնարկել միջոցառումներ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նմանատիպ երևույթները, էներգետիկ անվտանգության գոտիների խախտմամբ ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը բացառելու և էներգետիկ անվտանգության ոլորտում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ, իսկ օրենսդրությանը հակասող որոշումների առկայության պայմաններում համապատասխանաբար հանդես գալու  համայնքի ավագանուն և ղեկավարին այդ որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկությամբ: Առաջարկվել է նաև այս խնդրի շրջանականերում համագործակցել էներգետիկայի բնագավառի փակ բաժնետիրական ընկերության հետ:

Նշված  քայլերն իրականացնելու նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի 6-10 կվ և 35-110 կվ օդային գծերի, Լոռու մարզի տարածքում բարձրավոլտ մալուխային գծերի և ենթակայանների անվտանգության գոտիներում կառուցված շենք-շինություններն ուսումնասիրելու նպատակով Լոռու մարզպետի նոյեմբերի 25-ի թիվ 652  կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմում ընգրկված են մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ինչպես նաև «ԲԷՑ» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղի բարձր լարման գծերի բաժնի և «ՀԷՑ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի աշխատանքի անվտանգության աշխատակիցներ:

Նոյեմբերի 29-ին անցկացվեց նշված աշխատանքային խմբի առաջին քննարկումը, որը վարում էր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Վերջինս, հանգամանորեն ներկայացնելով խնդիրը, աշխատանքային խմբի անդամներին առաջարկեց արտագնա այցերի միջոցով տեղերում արձանագրել խախտումները և մշակել առաջարկությունների փաթեթ, թե որ դեպքերում, ինչ անհատական մոտեցումներ է  հնարավոր ցուցաբերել խնդիրը լուծելու նպատակով:

Նա իր խոսքում ընդգծեց նաև համայնքների ղեկավարների հնարավոր «մասնակցությունն» այս հարցում՝ նշելով, որ շատ դեպքերում համայնքի ղեկավարները, տեղյակ լինելով հանդերձ, որ տարածքները հանդիսանում են անվտանգության գոտիներ,՝ շինություններ կառուցելու համաձայնություններ են տվել, ինչը առանձին ուսումնասիրության առարկա պետք է հանդիսանա:

Նշվեց նաև, որ խնդիրը համատարած է ոչ միայն Լոռու մարզի նաև մյուս տարածշրջանների, այլև ողջ հանրապետության համար:

-Քայլառքայլ պետք է փորձենք խնդրին լուծում տալ,առաջին քայլն արդեն արված է,-ասաց Գ. Մարկոսյանը:  

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36