Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՋՈՆԱԹԱՆ ԼԱՔՈՏԸ. ՓՈԽՄԱՐԶՊԵՏ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

27.11.2019

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտը՝ դեսպանատան պատասխանատու աշխատողների ուղեկցությամբ նոյեմբերի 27-ին Լոռու մարզում էր: Դեսպանը նախ եղավ Սպիտակի թիվ 2 դպրոցում, որտեղ նրան դիմավորեցին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, դպրոցի տնօրեն Լուսինե Մաթոսյանը, այլ պաշտոնյաներ:
Դպրոցը 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո տասը տարի գործել է տնակային պայմաններում, իսկ 1999 թ. Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության միջոցներով կառուցվել է քարաշեն դպրոց: Այստեղ աշակերտները խորացված կերպով ուսումնասիրում են ֆրանսերեն լեզուն, գործում է ֆրանսերենի դասասենյակ, որտեղ լրացուցիչ պարապմունքների միջոցով երեխաներն ավելի են ամրապնդում գիտելիքները, մասնակցում տարաբնույթ միջոցառումների:
Դեսպանը ծանոթացավ դասասենյակի գործունեությանը, զրուցեց ուսուցիչների և աշակերտների հետ, հարցերի միջոցով ստուգեց երեխաների գիտելիքները, ապա ներկաները մասնակցեցին ֆրանսերեն լեզվով կազմակերպված գրական- գեղարվեստական միջոցառմանը:
Օրվա երկրորդ կեսին Նորին Գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտն այցելեց Վանաձոր: Ոչ պաշտոնական միջավայրում կազմակերպված հանդիպմանը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի հետ քննարկվեցին Լոռու մարզի և Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի, ինչպես նաև երկու մարզերի քույր քաղաքների միջև մինչ այժմ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև հետագա համագործակցության խորացման հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Գայանե Մարկոյանն իր խոսքում չափազանց կարևորեց երկու երկրների մարզերի ու քաղաքների միջև առավելապես գործընկերային և փոխշահավետ հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը.
-Նոր Հայասատանում ստեղծված են բոլոր հնարավորություններն ու պայմանները երկկողմ հարաբերություններն առավել գործնական փուլ տեղափոխելու համար,-ասաց նա:
Փոխմարզպետը, որպես գործակցային առաջնային ոլորտներ, առանձնացրեց հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, թեթև արդյունաբերությունը՝ կարևորելով հատկապես գործարար կապերի հաստատումն ու ամրապնդումը երկու մարզերի տնտեսվարողների միջև:
Գ. Մարկոսյանը տեղեկացրեց նաև, որ ներկայում աշխատանքային այցով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը գտնվում է ՊԱԿԱ ռեգիոնում և այցի շրջանակներում երկու մարզերի միջև վերակնքվել է համագործակցության համաձայնագիրը, ինչը ևս խոսում է այն մասին, որ Լոռու մարզը պատրաստ է նոր՝ առավել գործնական ու գործընկերային փուլ տեղափոխելու երկկողմ հարաբերությունները:
Դեսպանը, ողջունելով նման պատրաստակամությունը, նշեց, որ իր հերթին կանի հնարավորինը, որպեսզի համագործակցությունն արդյունավետ լինի:
Նա առաջարկեց մարզպետարանի որևէ ներկայացուցիչ ընդգրկել դեռևս 2010թ. ՀՀ-ում մի խումբ մարզպետների(այդ թվում նաև Լոռու մարզպետի) և համայնքապետերի մասնակցությամբ ստեղծված «Ֆրանսիա» խմբում ներգրավելու համար՝ տարաբնույթ հարցերի, այդ թվում նաև 2020թ. աշնանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական 4-րդ համաժողովի կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով:
Աշխատանքային օրվա ավարտին դեսպանը հյուրընկալվեց Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Այստեղ ևս ֆրանսերեն լեզվով ուսուցումը բարձր հիմքերի վրա է դրված, գործում է ֆրանսերենի դասարան: Վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի և տնօրեն Հեղինե Կոստանյանի ուղեկցությամբ դեսպանը շրջեց դպրոցում, ծանոթացավ լեզվի դասավանդման գործընթացին, մասնակցեց ֆրանսրեն լեզվով կազմակերպված միջոցառմանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52