Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
19.11.2019
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումն այն մասին, որ հանրապետության, այդ թվում նաև Լոռու մարզի, սննդի բոլոր սպառման կետերում պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահան¬ջը, Լոռւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության առաջատար մասնագետ Արմեն Գասպարյանը ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու մարզում գործող սպանդանոցների արտադրական հզորությունները և դրանց համապատասխանությունը մարզում սպանդի ենթակա անասնագլխաքանակին, չգործող սպանդանոցների գործարկման հնարավորությունները, նոր կառուցվող սպանդանոցներում իրականացվող շինարարական և սարքավորումներով վիրազինման աշխատանքների կատարման ընթացքը: Նպատակն է նաև աջակցել սպանդանոցներին պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու հարցում:
Վարչության աշխատակիցն օրերս եղել է Օձուն համայնքում գործող «Խասիկ Տիտանյան» ՍՊԸ-ի սպանդանոցում:
Արտադրամասը գործում է 2017թ-ից, հզորությունը կազմում է 1 օրվա կտրվածքով 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 150 գլուխ մանր եղջերավոր կենդանի և 50 գլուխ խոզ: Ներկայում աշխատում է ցածր հզորությամբ. սպանդի է ենթարկում շաբաթական 4-5 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, ունեն թվով 4 աշխատողներ: Աշխատանքային գործունեությունն իրականցվում է 2 ուղղությամբ՝ մատուցվում է սպասարկման ծառայություն և սեփական տրանսպորտային միջոցներով համայնքներից մթերվում են մորթի ենթակա կենդանիներ: Սպանդանոցը պայմանագիր է կնքել «Լեբեռոն» ՍՊԸ-ի հետ, որի կողմից ներկրված խոշոր եղջերավոր անասունները սպանդի է ենթարկում և վերադարձնում: Յուրաքանչյուր գլխի համար սպասարկման վարձավճարը կազմում է 3000 դրամ: Մինչև 30 կմ հեռավորությունից մթերված խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման համար անասնատերերից գումար չի գանձվում: 30-100 կմ հեռավորությունից կենդանիների տեղափոխման համար 1 գլխի դիմաց գանձվում է 10 000 դրամ: Սպանդից հետո գոյացած մսեղիքը գնվում է անասնատերերից 1 կգ-ը 1700-2600 դրամ արժեքով՝ կախված մսի որակից, կենդանու հասակից և բտվածության մակարդակից: Այնուհետև մսեղիքը առաքվում է սպառման կետեր և վաճառվում 2400-3500 դրամ արժեքով:
Մարզում բացի «Խասիկ Տիտանյան» ՍՊԸ-ից, Դարպաս համայնքում գործում է նաև «Միտք-Կ» ՍՊԸ-ն, որը ունի արտադրական նույն հզորությունը:
Մինչև 2020թ. մարզում կգործեն նաև Տաշիր համայնքում առկա, բայց չգործարկվող «Բոզոյան» ՍՊԸ-ի և Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում կառուցվող «Հակոբ Կարապետյան» ԱՁ սպանդանոցները:
Հաշվի առնելով նշված սպանդանոցների արտադրական հզորությունները և նրանց գտնվելու վայրերը (առկա են Տաշիրի, Սպիտակի, Գուգարքի և Թումանյանի տարածաշրջաններում)՝ մարզում մորթի ենթակա անասնագլխաքանակը սպանդի ենթարկելու համար անհրաժեշտություն կա սպանդանոց հիմնել նաև Ստեփանավանի տարածաշրջանում:
Տնտեսվարողներին տեղեկացվել է նաև պետական օժանդակության ծրագրերի, մասնավորապես «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու հնարավորության մասին: