Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՍՊԻՏԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻՆ
19.11.2019
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն, Սարամեջ, Սպիտակ, Լեռնանցք համայնքներում ծանոթանալով պետություն–համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:
Մարզի ղեկավարին ընկերակցում էին «Մեկ օր Լոռու մարզպետի հետ» ծրագրի մասնակիցներ Լևոն Խառատյանը և Միլենա Կիրակոսյանը:
Առաջին կանգառը Ջրաշեն համայնքում էր: Այստեղ սուբվենցիոն միջոցներով իրականացվում է թիվ 10 փողոցի սալիկապատում՝ տուֆ քարով: Տարածքն ընդգրկում է 6727 քառ.մ: Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 51.585 մլն. դրամ է: Թեև աշխատանքների ավարտը նախատեսվում էր մինչև այս ամսվա վերջ, սակայն դրանք դանդաղում են անհրաժեշտ որակի քարի արդյունահանման ծավալների պատճառով: Այսուհանդերձ համայնքի ղեկավարը մարզպետին խոստացավ, որ աշխատանքները շատ չեն ձգձգվի՝ փոխարենը նշվեց, որ դրանք շատ որակով են կատարվում և տուֆով ճանապարհը շատ երկար կծառայի համայնքին:
Սարամեջ համայնքում ասֆալտապատվել է գլխավոր ճանապարհը՝ 1.638 քառ.մ: Ծրագրի պայմանագրային արժեքը 14.44 մլն.դրամ է: Ճանապարհի հետ կապված փորձաքննություն կկատարվի՝ պարզելու աշխատանքները համապատասխանու՞մ են սահմանված պահանջներին, թե՝ ոչ:
Սպիտակ համայնքում մարզպետը ծանոթացավ սուբվենցիոն միջոցներով իրականացված Առափնյա թաղամասի անձրևաջրատարի կառուցման (պայմանագրային արժեքը՝ 5.64 մլն.դրամ), ընթացքի մեջ գտնվող Պանրագործների թաղամասի անձրևաջրատարի կառուցման, մայթերի եզրաքարերի ուղղման և ասֆալտապատման(պայմանագրային արժեքը՝ 20.413 մլն.դրամ) աշխատանքներին: Ծրագրի ավարտը նախատեսվում է մինչև նոյեմբերի վերջ: Իսկ Տաշիր, Էստոնական, ՈՒզբեկական և Բանավան թաղամասերի փողոցային լուսավորության համակարգերի կառուցման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 15.360 մլն.դրամ է:
Այցի վերջին կանգառը Լեռնանցք համայնքում էր: Այստեղ սուբվենցիոն միջոցներով տեղադրվել են Արևային էլեկտրակայաններով սնվող լուսավորության համակարգեր: Ծրագրի պայմանագրային արժեքը 8.880 մլն.դրամ է:
Մարզի ղեկավարը մեկ անգամ ևս հորդորեց աշխատանքներն իրականացնել որակյալ՝ նշելով, որ անորակ աշխատանքները պարզապես չեն ֆինանսավորվի: