Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքների իրականացման ընթացքում տեխնիկական որոշակի խնդիրներ են ծագում, իսկ այդ հարցում նրանց աջակցում է մարզի ղեկավարը. Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հիմնա
14.11.2019
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հյուրերն էին «Բու» լեռնահեծանվային պարկ նախագծի հիմնադիր-տնօրեն Էմմա Պետրոսյանը և փոխտնօրեն Վաղինակ Կարապետյանը: Մարզի ղեկավարն այս տարվա հունիսին սիրով մասնակից էր դարձել հկ-ի հետ համագործակցությամբ Վանաձորի կիրճում կազմակերպված Pedal to the Medal հեծանվային մրցարշավին, հավանության արժանացրել երիտասարդների նախաձեռնողականությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց հետաքրքիր գաղափարի կյանքի կոչմանը: Երիտասարդները եկել էին Անդրեյ Ղուկասյանին ներկայացնելու ծրագրի ուղղությամբ այս ընթացքում իրենց կողմից իրականացված աշխատանքները:
Վանաձորում Հայաստանի առաջին լեռնահեծանվային պարկի ստեղծման աշխատանքների սկիզբը դրվել է 2016 թվականի օգոստոսին՝ «Էկոլաբ» հիմնադրամի աջակցությամբ։ Պարկը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի սահմաններում, մասնավորապես Փամբակ լեռնաանտառային գոտում։
Երիտասարդները հույս ունեն, որ 2020 թվականին Վանաձորի լեռնահեծանվային սպորտի պարկն ամբողջովին պատրաստ կլինի: Այն իր մեջ կներառի երթուղիների ցանց, հեծանվային վարձույթի և սպասարկման կենտրոն, սննդի և կեցության հարմարություն:
Հեծանվային արահետների կառուցման համար տարբեր դրամաշնորհների դիմելուն զուգահեռ՝ «Բու» լեռնային հեծանվապարկ խմբի կամավորներն աշխատում են Փամբակի լեռներում. արտասահմանից Հայաստան եկած կամավորների հետ քայլարշավային երթուղիներ են կառուցում։
Նրանք մանրամասն քարտեզագրել են տարածքն ու որոշել սարի հին ճամփաները բարեկարգ արահետներ դարձնել։
Ուղիները կառուցվում են մասնագետների կողմից ձեռքերով կամ հատուկ տեխնիկայով։ Հեծանվային ուղիների՝ տարբեր տեսակների և բարդության մակարդակների արահետների ամբողջությունն իրենից ներկայացնում է լեռնահեծանվային պարկ։
Լեռներից բացի, «Բու» նախաձեռնության անդամներն անելիքներ ունեն քաղաքում։ Վանաձորում հեծանվային կենտրոն են հիմնելու։ Նրանց տարածքների տրամադրման հարցում աջակցում է նաև Վանաձորի քաղաքապետարանը:
Կենտրոնը լինելու է հեծանիվների նորոգման ու վարձակալության կետ՝ սրճարանով, իսկ կողքին՝ հեծանվային մարզահրապարակ։ Արդեն 13 հեծանիվ են ձեռքբերել, ևս 20-ը կներկրեն առաջիկայում:
Ապագայում պլանավորում են ունենալ հինգից ավելի երթուղիներ` տարբեր բարդության և տեսակների, ինչպես նաև այցելուների համար ստեղծել հնարավոր բոլոր ծառայությունները, որոնք առկա են այլ երկրների հեծանվային պարկերում:
Աշխատանքների իրականացման ընթացքում իհարկե տեխնիկական որոշակի խնդիրներ են ծագում, իսկ այդ հարցում նրանց աջակցում է մարզի ղեկավարը, ով պատրաստ է ամենօրյա ռեժիմով օգնել դրանց հաղթահարմանը:
Այս հանդիպմանը ևս երիտասարդները ներկայացրեցին մի շարք մանր ու մեծ խնդիրներ՝ ստանալով Անդրեյ Ղուկասյանի անվերապահ աջակցությունը: