Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՎ ՄԱԶԱՆԴԱՐԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
14.11.2019
Նոյեմբերի 9-11-ը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային այցով եղել է Իրանի իսլամական հանրապետության Մազանդարան նահանգում՝ բարձր ընդունելության արժանանալով ոչ միայն տեղի նահանգային իշխանությունների, այլև հայ համայնքի ու տեղի գործարարների կողմից:
Այցի առաջին օրը ընդունելություն է կազմակերպվել Մազանդարանի նահանգապետարանում: Նահանգապետ Ահմադ Հոսեյն Զադեգանի հետ հանդիպմանը ներկա են գտնվել նաև նահանգապետարանի պաշտոնյաներ, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ Ա. Հոսեյն Զադեգանը շնորհակալություն է հայտնել հարվերը չմերժելու համար՝ հույս հայտնելով, որ առաջին քայլը հարթակ կդառան հետագա այցերի ու առավել սերտ համագործակցության համար:
Իր հերթին երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ մարզպետ Ա. Ղուկասյանը նշել է, որ Լոռու մարզպետարանը, ի դեմս իրեն, պատրաստ է անելու ամեն հնարավորը, որպեսզի երկու մարզերի միջև ակտիվանան հատկապես փոխշահավետ տնտեսական կապերը:
Հանդիպման շրջանակներում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ պայմանավորվածություն ձեռք բերելով գործակցելու մի շարք ոլորտներում, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի, սպորտի և այլն: Մարզի ղեկավարը հրավիրել է նահանգապետին առավել ընդլայնված կազմով առաջիկայում լինել Լոռու մարզում՝ ծանոթանալու մարզի հնարավորություններին՝ համագործակցության առավել սերտացման նկատառումներով:
Հանդիպում է կայացել նաև Մազանդարան նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում՝ պալատի նախագահ Մոհադժեր Աբդոլլահի և շուրջ 50 տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսական փոխշահավետ կապեր հաստատելու նպատակով, տարբեր ձևաչափերով՝ այդ թվում նաև ֆորումների կազմակերպման միջոցով, կապ ապահովել հայ և իրանցի գործարարների միջև:
Մարզի ղեկավարը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց առօրյային, խնդիրներին՝ առաջարկելով հաճախակի լինել հայրենիքում և ներդրումներ իրականացնել:
Այցի շրջանակներում Անդրեյ Ղուկասյանը մասնակցել է իրանական տարբեր արտադրատեսակների ցուցահանդեսի, այցելել ծաղիկների ջերմոցային տնտեսություններ, խելացի անասնաֆերմա, նարնջի ցանքատարածություններ, առևտրի կենտրոններ՝ դարձյալ նախնական պայմանորվածություններ ձեռք բերելով՝ լոռեցի տնտեսվարողների հետ հետագա համագործակցության նպատակով:
Այցի վերջին օրը՝ արդեն Թեհրանում, մարզի ղեկավարը Իրանի իսլամական հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ քննարկել է ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները: