Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ ՀՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
12.11.2019
2019թ.-ը ՀՀ գրողների միության համար հոբելյանական է: Միությունը տոնում է հիմնադրման 85-ամյակը և հոբելյանական տարեդարձը նշվանավորում մի շարք միջոցառումներով:
Այդ կարևոր իրադարձությանը նվիրված միջոցառում էր կազմակերպվել ՀՀ գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, փոխքաղաքապետ Արման Բերնեցյան, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գրողներ, մտավորականներ, հյուրեր:
Էդուարդ Միլիտոնյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց միության ստեղծման պատմությունը, հայ գրականության այն տաղանդաշատ ներկայացուցիչներին, ովքեր հանդիսացել են ոչ միայն հայ գրականության, այլև միության զարկերակը:
Օգտվելով առիթից՝ միության նախագահին և անդամներին իր շնորհավորանքի խոսքը հղեց Գայանե Մարկոսյանը:Նա իր խոսքում նշեց, որ մշտապես սիրով է հյուրընկալվել միության մարզային բաժանմունքում, այստեղ գտնելով մի տաքուկ անկյուն և ջերմ ու հիշարժան շփումներ ունեցել լոռեցի տաղանդաշատ գրողների հետ: Պատասխանելով միության նախագահի այն դիտարկմանը, թե պետք է դպրոցներում հաճախակի կազմակերպել հանդիպումներ գրողների հետ՝ Գ. Մարկոսյանը նշեց, որ Լոռու մարզպետարանը և միության Լոռու մարզային բաժանմունքն այդ առումով սերտորեն համագործակցում են:
Փոխմարզպետը նաև նշեց, որ մարզպետարանը լոռեցի գրողների և գեղանկարիչների հանրայնացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ է պատրաստվում կյանքի կոչել: Գ. Մարկոսյանը մարզի ղեկավարի անունից Էդուարդ Միլիտոնյանին շնորհավորագիր հանձնեց:
Մարզային բաժանմունքի ստեղծման պատմությունը ներկայացրեց նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Ապա լոռեցի գրողներն իրենց խոսքում հուշեր պատմեցին ու նաև ներկայացրեցին հատվածներ իրենց ստեղծագործություններից:
Միջոցառումը համեմված էր նաև գեղեցիկ ասմունքով: