Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ. «ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԴՊՐՈՑՆԵՐ, ՈՐՈՆՑ ՏԱՆԻՔՆԵՐԸ ՎԱՏԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ. ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍԱ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

08.11.2019

Մարզային ենթակայության կրթական հաստատությունների միջոցների վերաբաշխման արդյունքում մինչև տարեվերջ առավել կարիքավոր դպրոցներում բավականին մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն: Այս մասին է մեր հարցազրույցը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան հետ:

-Պարոն Ղուկասյան,ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը:

-Մարզային ենթակայության դպրոցներում վերջիններիս կողմից տնտեսված միջոցներով, մեր համաձայնությամբ և վերահսկողությամբ շինարարական և տարաբնույթ այլ աշխատանքներ իրականացվում են ողջ տարվա ընթացքում. փոխվում են լուսամուտներ, դռներ, վերանորոգումներ են կատարվում և այլն: Սակայն ներկա պահին հնարավորություն է ստեղծվել դպրոցների ֆինանսական միջոցների վերաբաշխման միջոցով շուրջ 92 մլն դրամ ընդհանուր ծավալով առավել կապիտալ աշխատանքներ իրականացնել մարզի այն կրթօջախներում, որտեղ առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի, լուրջ խնդիրներ կան:

-Դպրոցների ընտրությունը կատարվա՞ծ է արդյոք և ո՞ր խնդիրներն առաջնահերթ լուծում կստանան:

-Ամենահրատապ խնդիրներն այս պահի դրությամբ և առկա միջոցների սահմաններում Վանաձորի թիվ 27, Մեծ Այրումի, Դեբեդի և Թեղուտի տանիքների հիմնանորոգումն է: Այդ աշխատանքերը պետք է հասցնենք մինչև տարեվերջ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս:Նախատեսում ենք այլ դպրոցներում փոխել նաև 100-ավոր լուսամուտներ ու դռներ, տեղադրել ջեռուցման համակարգեր ու դա ևս առաջիկա ամիսների ընթացքում: Մեր օրերում չեն կարող լինել դպրոցներ, որոնց տանիքները վատթար վիճակում են: Ինձ համար սա անընդունելի է:

-Նմանատիպ մոտեցումը շարունակական բնույթ կրելու՞ է:

-Ուզում եմ վստահեցնել, որ նմանատիպ աշխատանքները պարբերական բնույթ են կրելու: Մեզ մոտ հստակ գույքագրված են դպրոցների բոլոր մանր ու մեծ խնդիրները: Հետագայում, փուլառփուլ կանդրադառնանք նաև մյուս այն կրթօջախներին, որտեղ կան տանիքների խնդիրներ, որովհետև տանիքների բարեկարգ վիճակից է կախված նաև շենքի ընդհանուր պահպանությունը, իսկ լուսամուտներն ու դռները փոխելով՝ մենք նաև ջերմախնայողություն ենք իրականացնում, ինչն էլ բերում է նաև ֆինանսական տնտեսումների:

Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ նաև մեկ այլ կարևոր ծրագրի: Էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերության հետ նախատեսում ենք սկսել մի գործընթաց, որը, հուսով եմ, գնալով առավել լայնամասշտաբ բնույթ կկրի: Նախատեսում ենք արևային էներգիայի համակարգեր տեղադրել առայժմ մարզի թվով 11 դպրոցներում և մարզպետարանում, ինչը կհանգեցնի էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի խնայմանը ու կբերի ֆինանսական տնտեսումների: Այս ծրագիրը նախաձեռնելիս իհարկե հաշվի ենք առել նաև դպրոցների ֆինանսական հնարավորությունները և մի շարք այլ նախապայմաններ: Դիտարկում ենք հետագայում ներառել նաև առողջապահական հիմնարկները:

Երբևէ այս ուղղությամբ նմանատիպ ծավալուն աշխատանքներ չեն իրականացվել, գնալով դրանք առավել լայնամասշտաբ բնույթ են կրելու :

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38