Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյան. «Եվս մեկ-երկու տարի և երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամբողջապես լուծված կլինի. այս հարցում կառավարության դիրքորոշումը հստակ է և վերջնա

08.11.2019

 «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանակներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին է մեր հարցազրույցը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:
-Հարգելի պարոն մարզպետ, 2019թ. նշանավորվեց ՀՀ կառավարություն, Լոռու մարզպետարան և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն համագործակցությամբ, համաձայն որի «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շրջանակներում երկարատև դադարից հետո տրվեց շինարարության մեկնարկը:
-Պետբյուջեից այդ նպատակով 2018թ.-ին հատկացվեց 458 մլն դրամ, շինաշխատանքները մեկնարկեցին այս տարի: Լոռու մարզպետարանը այդ գումարի շրջանակներում «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոնին» պատվիրակեց բարձր պատրասատականություն ունեցող 44 կիսակառույց տների շինարարության գործընթացը: Թեև ծրագիրը նախատեսվում էր ավարտին հասցնել մինչև նոյեմբերի 25-ը, սակայն բոլոր 44 տների շինարարությունն արդեն իսկ ավարտված է: Այս առումով մեկ ուրախալի լուր ևս ուզում եմ հայտնել. վերը նշված գումարից շուրջ 100 մլն դրամ տնտեսում ունենք, ինչը թույլ կտա մեզ ևս 6-7 կիսակառույց բնակարան ավարտին հասցնել:
-Ի՞նչ կասեք այս տարի հատկացված միջոցների տնօրինման մասին:
-2019թ.-ին պետբյուջեից հատկացվել է 452 մլն դրամ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շարունակական ընթացքի համար: Այս միջոցների շրջանակներում աշխատանքները ևս սկսված են. նախատեսվում է ավարտին հասցնել ևս 24 կիսակառույցի շինարարություն, 1 սենյականոցի շահառու հանդիսացող 7 ընտանիքի և 2 սենյականոցի հավակնող 1 շահառուի տրվել է գումարային փոխհատուցում: Եվս 31 բարձր պատրասատականություն ունեցող տների շինարարություն է նախատեսվում ավարտին հասցնել այս միջոցների շրջանակներում, որոնք իրականացված են եղել շինարարական թերություններով:
-Ի՞նչ է նախատեսվում հաջորդ տարվա համար:
-2020թ. համար «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» իրականացման համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 3 մլրդ դրամ, ու քանի որ ներկա դրությամբ թվով ամենաշատ շահառուները Լոռու մարզից են, ակնկալում ենք, որ գումարի առյուծի բաժինը կուղղվի Լոռու մարզ: Դիտարկվում է այդ գումարը նպատակային տնօրինելու երկու տարբերակ՝ շինարարություն և Բնակարանների գնման վկայագրերի(ԲԳՎ) տրամադրում. հարցը դեռևս քննարկման փուլում է:
-Դուք անձամբ ո՞ր տարբերակին եք հակված:
-Բնակարանների շինարարության տարբերակին: Կառավարությունում անցկացված խորհրդակցությունների ընթացքում ես բազմիցս հայտնել եմ իմ դիրքորոշումը: ԲԳՎ-ների միջոցով հարցը ոչ բոլոր համայնքերում կարելի կլինի լուծել: Այն համայնքներում, որտեղ շահառուների թիվը շատ է, չեն կարող լինել այդ քանակությամբ վաճառքի ենթակա բնակարաններ: Կան մի շարք այլ պատճառներ ևս այս հարցում հիմնավոր տեսակետ ունենալու համար:
-Մեծ ծավալների մասին է խոսքը ու պետք է հարցը քննարկենք «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» հետ՝ հասկանալու համար՝ հնարավո՞ր է արդյոք խնդրին լուծում տալ նույն տարբերակով: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ողջունել կենտրոնի հետ մեր համագործակցությունը: Այն տվեց իր դրական արդյունքը: Ընկերությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, փոքր գումարով հնարավոր է լինում մեծ արդյունք ստանալ, շահառուներն իրենք են մասնակից դառնում իրնեց տների շինարարությանը ու դրա համար նաև վարձատրվում են: Ի դեպ, այս կերպ նաև աշխատատեղերի հարց է լուծվում: Այս տարի բավականին թվով արտագնա աշխատանքի նպատակով արտերկիր մեկնող քաղաքացիներ մնացին ու մասնակցեցին իրենց տների շինարարությանը:
-Ինչ խոսք, զգալի աշխատանք կատարվում է: Այդուհանդերձ, դեռևս ի՞նչ ծավալների մասին է խոսքը, որպեսզի վերջնականապես հնարավոր լինի ազատվել «աղետի գոտի» չարաբաստիկ անվանումից:
-Ցավոք, դեռևս 270-280 շահառու սպասում է իր բնակարանին: Լիովին կիսելով նրանց վրդովմունքը՝ ուզում եմ վստահեցնել, որ ևս մեկ-երկու տարի և խնդիրն ամբողջապես լուծված կլինի. այս հարցում կառավարության դիրքորոշումը հստակ է և վերջնական: Ես ինքս անելու եմ ամեն հնարավորը, որ հարցը օր առաջ վերջնական լուծում ստանա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59