Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Շինկազմակերպությունները կֆինանսավորվեն միայն այն դեպքում, երբ իրականացված աշխատանքները կլինեն առանց թերությունների». մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն
08.11.2019
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Նախորդ ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ Գայանե Մարկոսյանը: Վերջինս մասնավորապես անդրադարձավ իր համակարգման ոլորտում գործող ստորաբաժանումների հետ իրականացված աշխատանքներին, անցկացված միջոցառումներին, հանդիպում-քննարկումներին, քաղաքացիների ընդունելության արդյունքներին և այլն: Մարզպետի տեղակալը հանգամանորեն անդրադարձավ հատկապես մարզի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ նախորդ շաբաթ անցկացված խորհրդակցության, ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքներին՝ նշելով, որ նշված ուղղություններով ակնկալվում է դրական տեղաշարժ:
Սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը: Ըստ վարչության պետի, նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 73.6 տոկոս, պլանը թերակատարվել է 658 մլն դրամով: Խոսելով խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին՝ բարձրացվեց բազաների ճշգրտման և բյուջեների ճիշտ պլանավորման կարևորությունը: Այսուհանդերձ նշվեց, որ համայնքների մեծ մասը պատրաստակամություն է հայտնել կատարողականը տարեվերջին հասցնել 100 և ավելի տոկոսների:
Մարզի ղեկավարը մտահոգիչ և անընդունելի համարելով ստեղծված իրավիճակը՝ շեշտեց, որ վատ հավաքագրումների իրական պատճառները որոշ համայնքներում ստեղծված անվստահության մթնոլորտն է և համայնքների ղեկավարների անգործությունը:
Սուբվենցիոն ծրագրերի ընթացքը ներկայացրեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Նրա տեղեկացմամբ, նշված աշխատանքների նկատմամբ վարչությունը խիստ վերահսկողություն է իրականացնում: 2019թ. մարզում իրականացվող 56 ծրագրից 25-ն ավարտվել են, 23-ն ընթացքի մեջ են, 5-ն՝ ավարտական փուլում և 3 օբյեկտների մրցույթները կայացել, բայց աշխատանքները դեռևս չեն սկսվել:
Ըստ վարչության պետի դիտարկումների, ընդհանուր առմամբ որոշ օբյեկտների շինաշխատանքները դանդաղում են, ինչ-ինչ պատճառներով խախտվում է սահմանված ժամանակացույցը և ամենայն հավանականությամբ անհրաժեշտություն կառաջանա դրանք տեղափոխել հաջորդ տարի:
Կրկին անգամ կարևորելով շինաշխատանքների որակը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շեշտեց, որ շինկազմակերպությունները կֆինանսավորվեն միայն այն դեպքում, երբ իրականացված աշխատանքները կլինեն առանց թերությունների:
Ա. Ջանազյանն անդրադարձավ նաև մարզային ենթակայության դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Հարցի առնչությամբ մարզի ղեկավարի հանձնարարականը կրկին խիստ էր. դպրոցների խնայողություններով իրականացվող ցանկացած շինարարական աշխատանք ևս պետք է լինի մարզպետարանի անմիջական վերահսկողության ներքո:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականներ հնչեցրեց նաև մանկապարտեզների կողմից երեխաներին տրվող սննդակարգը վերահսկելու, ինչպես նաև մարզային ենթակայության դպրոցների սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակի վերահսկողության սահմանման վերաբերյալ:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: