Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«ՎԱՆԱՁՈՐԻ ՕՐ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐՆ ԷՐ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ
28.10.2019
«Վանաձորի օր» տոնակատարությունն այս տարի նշվեց «Հնարավորությունների քաղաք» խորագրի ներքո: Այն համախմբել էր ոչ միայն վանաձորցիներին, այլև Լոռու տարբեր բնակավայրերից, հանրապետության մարզերից, մայրաքաղաքից ու արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրերի:
Հնարավորությունների քաղաք Վանաձորը հրավիրել էր ստեղծող ու արարող մարդկանց՝ ապրելու և իրենց ապագան կերտելու կանաչ ու հյուրընկալ քաղաքում:
Վանաձորի պատվարժան հյուրերն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ համայնքապետեր, Վանաձորի քույր մարզերի ներկայացուցիչները, դեսպաններ:
Մինչ ՀՀ վարչապետի ժամանելը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, Վանաձոր քաղաքին քույր քաղաքներ հանդիսացող երկրների ներկայացուցիչների, դեսպանատների ներկայացուցիչների, մի խումբ այլ պատվարժան հյուրերի մասնակցությամբ ընդունելություն էր կազմակերպվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի աշխատասենյակում:
Այնուհետև նրանք մասնակից դարձան նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի արձանի հանդիսավոր բացմանը:
Անցած տարվա ապրիլին «Ինտերկապ» բարեգործական կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ հուշարձանը կառուցելու համար սկսվել էր դրամահավաքը: Անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում հանգանակությունը ծավալվեց և դարձավ հիրավի համաժողովրդական ու այսօր արդեն արձանը զարդարում է Վանաձորի կենտրոնական հատվածներից մեկը: Այն տեղադրված է Վանաձորի «Երեք լճերի» տարածքում։ Հուշարձանն ունի եզակի մտահղացմամբ պատվանդան, արձանը ձուլել է գյումրեցի քանդակագործ Հովհաննես Պապոյանը: Քանդակի հեղինակը երիտասարդ քանդակագործ Գեղամ Բեգջանյանն է, ճարտարապետը՝ Սուրեն Աբովյանը։ Հուշարձանի բացման առիթով իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ներկաներին ողջունեց նաև Վանաձորի քաղաքապետը՝ իր շնորհակալությունը հայտնելով ծրագիրը նախաձեռնող և իրականացնող խմբին:
Արձանի բացման պատիվը տրվեց մարզի ղեկավարին, Վանաձորի քաղաքապետին և «Ինտերկապ» բարեգործական կենտրոն ՀԿ նախագահ Նորիկ Զուլոյանին: Հատուկ այս առիթով Վանաձոր էր բերվել նաև Անդրանիկ Օզանյանի մարտական թուրը:
Լոռու մարզկենտորն ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, կառավարության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ վերակառուցվող քաղաքի շինհրապարակներում՝ մասնավորապես Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի տարածքում, Արցախ պուրակում:
Այս տարի ՀՀ կառավարություն և Վանաձորի քաղաքապետարանի համատեղ ներդրմամբ Վանաձորում վերանորոգվում են 14 երկրորդային փողոցներ (ընդհանուր առմամբ 36.37 քառակուսի կմ): Վանաձոր համայնքում բարեկարգվում են մոտ 3 հա այգապատկան հողատարածքներ. Արցախ պուրակի 0.5 հա ընդգրկող տարածքը, Կ.Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանին հարակից պուրակը, Պ.Սևակի անվան երիտասարդական այգու 1.8 հա և «Հանրապետություն» պուրակի 0.4 հա տարածքները: Վանաձոր համայնքում վերանորոգվում է նաև Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի շենքը, նախատեսված է շենքի ֆասադային մասի վիտրաժները փոխարինել նորերով, ամբողջապես վերականգնվում է լուսային համակարգը, վերանորոգվում է տանիքին ու հատակը, նախատեսվում է անցկացնել ջեռուցման համակարգ, իրականացնել ներքին հարդարման աշխատանքներ։
Բոլոր վանաձորցիների համար ամենասպասված աշխատանքներն իրականացվում են Վանաձորի Հայքի հրապարակում: Բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ տարածաշրջանում նմանը չունեցող լուսային էֆեկտներով, «պարող և երգող» շատրվաններն արդեն հասցրել են գերել շատերի սրտերը: Վանաձորն այս տարի ձեռք է բերել նաև բազմաֆունկցիոնալ 2 տրակտոր կոմունալ և սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար:
ՀՀ վարչապետը բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց նաև «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր և ներկա գտնվեց վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը։ Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացավ ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին, առողջարանային ծառայությունների համար ստեղծված հնարավորություններին։ Նշվեց, որ 10 տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն ԱՄՆ դոլար և վերակառուցել համալիրի բոլոր 9 մասնաշենքերը։ «Վանաձոր Արմենիա» առողջարանը հայտնի է որպես ցեխաբուժության կենտրոն՝ տորֆաբուժության բազմամյա ավանդույթներով։ Բացի ցեխաբուժությունից, այստեղ իրականացվում են ջրաբուժություն, պարաֆինաբուժություն և կլիմայաբուժություն։ Վերանորոգումից հետո, բացի բուժական սենյակներից, առողջարանն առաջարկում է նոր ստանդարտ, դելյուքս և լյուքս դասի ժամանակակից հյուրանոցային համարներ, առողջարանը բաց է լինելու տարվա բոլոր եղանակներին։
Ժամը 15.00-ից մեկնարկեց «Քեզ իմ Վանաձոր» խորագրով համերգային ծրագիրը՝ Վանաձորի կատարողական համույթների, անհատ ստեղծագործողների և Վանաձորի «Երգի թատրոնի» արտիստների մասնակցությամբ: Միաժամանակ նաև «Հնարավորությունների քաղաք» խորագրով ցուցահանդես էր կազմակերպվել Տիգրան Մեծ պողոտայի երկայնքով:
«Վանաձորի օրն» ամփոփեց գլխավոր համերգը Հայքի հրապարակում, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը,Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հյուրեր արտերկրից, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ վանաձորցիներ:
Երեկոյի պաշտոնական մասը մեկնարկեց, և հրապարակ բերվեցին Հայաստանի Հանրապետության պետական և Վանաձոր քաղաքի դրոշները, ապա հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Հյուրերին ողջույնի խոսք հղեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ով ներկայացրեց Վանաձորում իրականացված և իրականացվող աշխատանքները, ապա հայտարարեց Վանաձորի պատվավոր քաղաքացիների անունները:
Ելույթ ունեցան նաև օրվա հերոսները:
Ողջույնի և շոնրհավորանքի խոսքով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը: Նա բարեմաղթանքներ հղեց Վանաձորին և վանաձորցիներին, ապա խոսեց քաղաքի ձեռքբերումների մասին, որոնք հնարավոր դարձան Կառավարություն-Վանաձորի համայնքապետարան համատեղ ջանքերով:
Երեկոյի գեղարվեստական մասը մեկնարկեց հատուկ տոնական օրվա համար բեմադրված պարային ներկայացմամբ, որին մասնակցում էին Վանաձորի բոլոր պարային խմբերը: Ներկայացման ընթացքում տեղի ունեցավ շատրվանների բացման հանդիսավոր արարողությունը: Տոնական երեկոն ամփոփեցին «Երևանի օրերը Վանաձորում» ծրագրի շրջանակում Վանաձոր ժամանած արտիստները: Վանաձորցիներին անմոռանալի երեկո պարգևեցին «Գաթա բենդ» երաժշտական խումբը և Արամ ՄՊ3-ը:
Ավանդական դարձած շքեղ հրավառությունն ազդարարեց տոնական օրվա ավարտը: