Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՌԱՋԻՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ
24.10.2019
Ռուսաստանի Դաշնությունում գործող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությանը՝ ՀՀ բոլոր մարզերում հիմնել հղիների պրենատալ սկրինինգի կաբինետներ, առաջինն արձագանքեց Լոռու մարզպետարանը: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանի գործադրած ջանքերի և Վանաձորի բժշկական կենտրոնի պատրաստակամության շնորհիվ հոկտեմբերի 22-ին կայացավ թեմայի վերաբերյալ առաջին սեմինարը, որը վարում էր Մոսկվայում աշխատող ուլտրաձայնային հետազոտության բժիշկ-մասնագետ, բ.գ թեկնածու Կարինե Օթարյանը:
Ծրագիրը նախատեսում է մարզի տարբեր բժշկական կենտրոններից ընտրված մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել Մոսկվայում, որից անմիջապես հետո բժշկական կենտրոններում կբացվեն կաբինետներ՝ հագեցված ուլտրաձայնային և արյան կենսաքիմիական հետազոտության նորագույն ու Հայաստանում եզակի էքսպերտ սարքավորումներով: Դրա շնորհիվ նվազագույնի կհասցվի արատներով ծնվող երեխաների թիվը:
Պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է, և առաջիկայում համապատասխան մասնագետները հիմնադրամի միջոցներով կմեկնեն Մոսկվա՝ վերապատրաստման առաջին փուլին մասնակցելու համար:
Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը որդեգրած մոտեցմանը հավատարիմ՝ ողջունեց նախաձեռնությունն և ընդգծեց, որ իրենք պատրաստ են համաքայլ ընթանալ և արագորեն յուրացնել առողջապահության ոլորտի առաջատար փորձառությունը, ինչը կբերի բժշկական ծառայությունների որակի բարձրացմանն ու առողջ ու անվտանգ հասարակության ձևավորմանը: