Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը» «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց հոբելյանական30-րդ բնակարանը
22.10.2019
Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝ տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 30-րդ բնակարանի հանձնման արարողությունը:
Այս նշանակալի օրը ընտանիքին շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնախմբի անդամները: Ներկա էին նաև Արջուտի համայնքապետ Վարդան Մկրտչյանը, Արջուտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Մեսրոպյանը, ուսուցիչները, երեխաների դասընկերները և ընտանիքի հարազատները:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը քաղցրավենիքներ նվիրեց երեխաներին և խոստացավ աջակցել բնակարանի գազաֆիկացման հարցում:
Սրբազան Հոր խնդրանքին ընդառաջ՝ բնակարանը գնվեց Բելգիայում բնակվող պոլսահայ Ալին Հասերի կողմից, ով ի հիշատակ իր լուսահոգի հոր Զավեն Հասերի նվիրաբերեց երկհարկանի տունը Գուգարքի շրջանի Արջուտ համայնքի բնակիչ Գագիկ Սարգսյանի ընտանիքին:
Սարգսյանների 9 հոգանոց բազմանդամ ընտանիքը չունենալով սեփական կացարան բնակություն էր հաստատել Արջուտ գյուղի անտառամերձ տարածքում: Ինքնաշեն թիթեղյա, խոնավ և մութ տնակում՝ զուրկ կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից, ընտանիքը մեծացնում էր վեց անչափահաս երեխաների: Ընտանիքի 43-ամյա հոր աշխատավարձից և նպաստից գոյացած եկամուտը հազիվ օրվա հացի խնդիր է լուծում կնոջ, երեխաների և 72-ամյա մոր համար:
Սրբազան Հոր օրհնությամբ՝ նոր հանձնված բնակարանում Սուրբ Գրիգոր Նարեկացի Առաջնորդանիստ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը կատարեց տնօրհնյաց արարողություն:
Սրբազան Հայրը ընտանիքին հանձնեց բնակարանի սեփականության վկայականը և օրհնված խաչը: