Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ

17.10.2019

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր, Ուրասար և Արմանիս բնակավայրերում: Կաթնաղբյուրում դպրոցականները մարզի ղեկավարին դիմավորեցին աղուհացով, ապա դպրոցի դահլիճում հանդիպում անցկացվեց համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը և բնակավայրի վարչական ղեկավարը: Որպես ուրախ լուր՝ մարզի ղեկավարն անդրադարձավ չինական «Նյու-իդա» ընկերության կողմից բնակավայրի վարչական տարածքում իրականացվելիք հանքային ջրերի արդյունահանման ներդրումային ծրագրին և այդ ներդրումային ծրագրի շրջանականերում նաև ընկերության պատրաստակամությանը՝ բնակավայրում ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ՀՀ կառավորության հետ համագործակցությամբ 50/50 հարաբերակցությամբ ֆինանսավորելու ավելի քան 7 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը: Դարձյալ նույն սկզբունքով կլուծվի նաև բնակավայրի գազաֆիկացման հարցը: Կաթնաղբյուրի համար այս տարի երկու սուբվենցիոն ծրագիր է իրականացվում: Նրանցից մեկը՝ «Կարտոֆիլի արտադրության համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի և գյուղգործիքների ձեռքբերում (արժեքը` 13,03 մլն դրամ)» արդեն ավարտվել է, մյուսը՝ «Արևային էլեկտրակայաններով սնուցվող գիշերային լուսավորման համակարգերի կառուցում համայնքի մի շարք փողոցներում (նախահաշվային արժեքը 13,5 մլն դրամ)» ընթացքի մեջ է: Բնակիչները հիմնականում դժգոհում էին ճանապարհի ոչ բարվոք վիճակից և ջրի ներքին ցանցի քայքայվածությունից: Մարզի ղեկավարի վստահեցմամբ, այս տարի մարզային ճանապարհների բարեկարգման նպատակով հատկացված միջոցներից որոշակի մասնահանում կլինի Կաթնաղբյուրի ներհամայնքային ճանապարհները քիչ թե շատ անցանելի դարձնելու նպատակով, արդեն հաջորդ տարիներին առավել մեծ ծրագիր իրականացնելու հեռանկարով: Ինչ վերաբերում է ջրի հետ կապված խնդրին, ապա Միքայել Ղարաքեշիշյանի ներկայացմամբ 45 մլն դրամ անհրաժեշտ կլինի բնակավայրի խմելու ջրի հարցն ամբողջությամբ լուծելու համար: Թեև Ա. Ղուկասյանը խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում անդրադառնալ նաև այս խնդրի լուծմանը, սակայն միաժամանակ հիշեցրեց բնակիչների պարտականությունը սեփական եկամուտների պատշաճ հավաքագրում իրականացնելու մասին. Կաթնաղբյուրում հարկերի հավաքագրման ցուցանիշը չափազանց ցածր է արդեն ամիսներ շարունակ: -Եթե պահանջատեր եք համայնքի խնդիրները լուծելու հարցում, ապա պատրաստակամ եղեք նաև կատարելու ձեր պարտականությունները: Մազպետարանը սկզբունք է որդեգրել. չընդառաջել այն համայնքներին, որտեղ հարկերի հավաքագրման պարտավորությունը թերի է կատարվում,-նշեց Ա. Ղուկասյանը: Հաջորդ կանգառը Ուրասարում էր: Այստեղ բնակիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ բնակավայրի վարչական շենքի տարածքում: Խնդիրները դարձյալ նույնն էին՝ ճանապարհի բարեկարգման, գազաֆիկացման և խմելու ջրի ներքին ցանցի բարելավման անհրաժեշտությունը: Անդրադառնալով ճանապարհի բարեկարգմանը՝ Ա. Ղուկասյանը նշեց, որ այս տարի դարձյալ խնդրին ժամանակավոր լուծում կտրվի, իսկ արդեն հաջորդ տարի՝ ասֆալտապատման ծրագիր կիրականացվի: Մարզի ղեկավարը շրջայց կատարեց նաև Ուրասարի դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմաններին, զրուցեց երեխաների հետ: Այստեղ ևս «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով դասավանդող ուսուցիչներ կան, ինչը զգալիորեն փոխում է դպրոցի և աշակերտների առօրյան: Բնակավայրի բուժկետը գտնվում է դպրոցի մասնաշենքում և չափազանց անմխիթար վիճակում է, ինչն առաջացրեց մարզպետի դժգոհությունը. այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ այստեղ ամիսներ շարունակ ոչ ոք ոտք չի դրել: Հանձնարարականը խիստ էր՝ պատշաճ աշխատանքներ իրականացել: Արմանիսում ևս մարզպետը շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ դասապրոցեսին, զրուցեց երեխաների և մանկավարժների հետ՝ հաղորդակից դառնալով նրանց մտահոգող խնդիրներին և պատասխանելով առաջադրված հարցերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36