Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՄՏԱՀՈԳ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

17.10.2019

 Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները հանդիպեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ ներկայացնելու իրենց ուսումնասիրության արդյունքներն ու մտահոգությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման հիմնախնդիրը Վանաձոր համայնքում: Նրանց խոսքով շատ կարևոր է ֆիզիկական միջավայրի համապատասխանությունը նման խնդիրներ ունեցող քաղաքացիների լիարժեք կյանքն ու տեղաշարժն ապահովելու համար: Թեքահարթակներ, բազրիքներ, ձայնային գրականություն, աուդիոգրքեր, ձայնային լուսակիրներ. անհրաժեշտ պայմանների ցանկը թվարկում են աշակերտներն ու հայտնում իրենց պատրաստակամությունը՝ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու պետության կողմից իրականացվող ծրագրերին: Համապատասխան միջավայրի բացակայության պատճառով համայնքը կորցնում է կարող ուժերին, որոնք կմասնակցեին համայնքի զարգացման գործին: Նրանց խոսքով դրա հետևանքով հաշմանդամություն ունեցող անձինք մեկուսացվում են հասարակությունից: Լոռու մարզը հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց թվով առաջին տեղում է: Աշակերտները հանդիպել են «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ անդամների հետ, նրանցից լսել ոլորտի խնդիրները: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ողջունելի համարեց աշակերտների նախաձեռնությունը, անհանգստությունն ու խիզախումը՝ համայնքի ամենախոցելի խնդիրներից մեկին անդրադառնալու և աջակցության պատրաստակամություն հայտնելու համար: Մարզպետը նախ տեղեկացրեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը, որը նախագահում է ինքը, քաջատեղյակ է ոլորտում առկա բոլոր խնդիրների մասին և նման խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ փորձում է մեղմել կամ իսպառ բացառել հիմնախնդիրները: Նա նշեց օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներ, որոնք ևս խոչընդոտում են խնդիրների արագ ու արդյունավետ լուծմանը: Մասնավորապես, նախկինում կառուցված շինություններում գրեթե հաշվի չեն առնվել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման անհրաժեշտ պայմանները: Նոր կառուցվող շինաշխատանքներում այս հարցը դրված է անմիջապես առանցքում: Աշակերտները ցանկություն հայտնեցին խնդրի շուրջ զրուցել նաև ԱԺ պատգամավորների հետ՝ հարցը օրենսդիր մարմնում բարձրացնելու ցանկությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59