Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԺԳՈՀ Է ՄԱՐԶՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՆԴԱՂ ԸՆԹԱՑՔԻՑ

17.10.2019

 Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում պետբյուջեի միջոցներով՝ այդ թվում նաև՝ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին, Տուրիզմի պետական կոմիտեին Լոռու մարզպետարանի կողմից ներկայացվելիք զբոսաշրջային ոլորտի ներդրումային ծրագրերին, տարածքների համաչափ զարգացման հարթակի ստեղծմանը, փայտով ջեռուցվող դպրոցների՝ փայտի ձեռքբերմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Մարզի ղեկավարին շարունակում է չգոհացնել սեփական եկամուտների հավաքագրման տեմպը. այս հարցի վերաբերյալ Ա. Ղուկասյանի դիրքորոշումը հստակ է և խիստ.
-Մի շարք համայնքների ղեկավարների կողմից հավաքագրման աշխատանքների խափանման միտում եմ տեսնում: Այսպես շարունակվելու դեպքում նրանք կպատժվեն խստագույն կերպով,-ասաց Ա. Ղուկասյանը՝ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով ամենօրյա ռեժիմով հետևել գործընթացին և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել:
Մարզում իրականացվող շինաշխատանքների դանդաղ ընթացքից ևս մարզի ղեկավարը դժգոհ է: Ըստ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, ինչպես Վանաձորում, այնպես էլ՝ մարզի քաղաքային և գյուղական համայնքների մեծ մասում շինաշխատանքները չափազանց դանդաղ են ընթանում, ինչը անհանգստության առիթ է տալիս, որ դրանք ժամկետների մեջ չեն ավարտվելու: Մարզի ղեկավարի անունից ուղարկված գրությամբ շինկազմակերպություններից պահանջվել է ավելացնել լրացուցիչ տեխնիկա և աշխատակիցներ, որպեսզի տեմպերը հնարավոր լինի արագացնել: Որոշ դեպքերում էլ՝ եղանակային պայմաններից ելնելով՝ դրանք հաջորդ տարի տեղափոխելու անհրաժեշտություն կառաջանա:
Ա. Ղուկասյանն անդրադարձավ նաև մարզային ենթակայության դպրոցներում տնտեսված միջոցներով իրականացվող շինաշխատանքների վերահսկման անհրաժեշտությանը:
-Այն դպրոցներում, որտեղ շինաշխատանքները որակով չեն իրականացվի, անորակության հետևանքով առաջացած խնդիրները ստիպված կլինեն վերացնել դպրոցների տնօրենները՝ անձնական միջոցներով,-ասաց Ա. Ղուկասյանը:
Անդրադառնալով Տուրիզմի պետական կոմիտեին ներկայացվելիք զբոսաշրջության ոլորտի ծրագրերի վերաբերյալ հարցին՝ մարզպետը նշեց, որ մի քանի ծրագիր առաջարկելու հնարավորություն կա՝ նպատակ ունենալով բարելավելու զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքները՝ դրանք զբոսաշրջային առումով գավիչ վայր դարձնելու նպատակով:
Օրակարգային մյուս հարցերի վերաբերյալ ևս ծավալվեց քննարկում, տրվեցին հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանց վերաբերյալ զեկուցելու պայմանով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-19 17:37:23