Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԾԱՌԱՏՈՒՆԿԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՄԱՄԱՐԶԱՅԻՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ
14.10.2019
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի մտահղացմամբ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ Վանաձորի Խնձորուտ թաղամասում գտնվող Ջրի մաքրման կայանից դեպի վեր ընկած հողատարածության վրա այսօր իրականացվեց համամարզային ծառատունկ: Ծառատունկի նպատակն է վերականգնել անտառտնտեսության վերահսկողության տակ գտնվող երբեմնի կանաչ գոտիներն ու անտառային ծածկույթը: Հանդիսությանը ներկա էին Լոռու մարզպետարանի բոլոր վարչությունների աշխատակիցները՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, գերատեսչությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների կոլեկտիվներ, մարզի տարբեր համայնքներից ժամանած հյուրեր: Մարզի ղեկավարը ողջունելով բոլոր ներկաներին, նշեց, որ անտառի հիմնամ կարևորագույն առաքելությունն առաջին հերթին անտառի նկատմամբ հանրության և հատկապես մատաղ սերնդի գնահատականի բարձրացումն է, որպեսզի անտառը նրանց կողմից դիտվի կենսական կարևորագույն արժեք, այլ ոչ թե որպես շինանյութ կամ վառելափայտ: Գաղափարը միանգամից հավանության է արժանացել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արեն Աղաբաբյանի և նրա նվիրյալ աշխատակազմի կողմից, որոնք էլ սիրով տրամադրել էին տնկիներն ու սերմերը: Տնկվեցին հացենու և թխկու շիվեր, իսկ կաղնու որոշ ծառատեսակներ այստեղ կաճեցվեն միանգամից սերմերից: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի առաջարկությամբ յուրաքանչյուր տնկվող ծառի համար որպես հանգանակություն նվիրաբերվեց առնվազն 1000-ական դրամ: Գոյացած ողջ հասույթը, որը կազմեց 407 հազար դրամ, կօգտագործվի անտառային գոտիների պահպանության, դրանց ցանկապատման և բնության խաթարված հատվածների վերականգնման աշխատանքների կազմակերպման համար: Չխախտելով ավանդույթը՝ ծառատունկի ավարտին Արեն Աղաբաբյանի կողմից մատուցվեց Սուրբ մատաղ: