Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում ներդրվեց հողի մշակման նոր՝ անվար ցանքի տեխնոլոգիան
11.10.2019
«Կանաչ էներգիա» ՍՊԸ հիմնադիր, ֆերմեր Արթուր Գրիգորյանի կողմից Լոռու մարզի Միխայելովկա բնակավայրի վարչական տարածքում ներդրվել է հողի մշակման նոր՝ անվար ցանքի տեխնոլոգիա: Համայնքում հիմնված անվար ցանքի տեխնոլոգիայի ներկայացման նպատակով ցուցադրություն էր կազմակերպվել դաշտում, որին ներկա էին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար՝ Արտյոմ Շահվերդյանը, գյուղատնտեսության բաժնի մասնագետ՝ Արշակ Բաղդասարյանը, համայնքների ղեկավարներ, բնակիչներ, ֆերմերներ: Մարզպետարանի ոլորտի պատասխանատուները նշում են, որ մարզում այն ոչ միայն եզակի է իր հողամշակման եղանակով, այլև, չնայած իր բարձր արժեքին, եկամտաբեր: Նոր տեխնոլոգիայի ներդրմամբ՝ 1 հա մշակելիս գյուղացին միջին հաշվով կտնտեսի մի քանի անգամ ավելի գումար: Այն նախատեսված է ինչպես ոռոգելի, այնպես էլ՝ չոռոգվող հողատարածքների համար: Տվյալ տեխնիկայի կիրառումը կհանգեցնի հողի բարելավման և բարձր բերքատվության, իսկ թեք հողատարածքներում այն կբացառի հողի հոսքը:
-Տեխնիկայի համար հարկավոր չէ հողի վար, կուլտիվացիա կամ հարթեցում, այս բոլոր գործողությունները մեքենան փոխարինում է ցանքով,- ասում է Արթուր Գրիգորյանը:
Ոլորտի պատասխանատուները կարևորում են գյուղատնտեսության ոլորտում նման տեխնոլոգիաների ներմուծումը, որը ժամանակի հրամայակն է: