Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը Աշոտ Փանոյանին շնորհակալություն հայտնեց երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար
09.10.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր իր երախտագիտությունն ու ջերմ բարեմաղթանքները հղեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Աշոտ Փանոյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ վաստակած հանգստի մեկնելուց առաջ:
-Ցավոք աշխատանքի բերումով շատ չեմ կարողացել շփվել Ձեզ հետ, բայց գիտեմ, որ շրջապատը Ձեզ ընկալում է՝ որպես բարի, առաքինի, պարկեշտ ու հայրենասեր անձնավորություն, այդ կերպ եմ ընդունում նաև ես: Մաղթում եմ, որ կենսաթոշակի անցնելը ինչ-որ նոր մտահղացումների սկիզբ դառնա, քանի որ Ձեզ նման մասնագետների կարիք այսօր շատ կա: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ,-իր խոսքում նշեց մարզի ղեկավարը:
Գնահատանքի խոսքեր հնչեցրեցին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով Աշոտ Փանոյանի հետ աշխատել է մարզպետարանի հիմնադրման օրվանից, և համատեղ աշխատանքներ են իրականացրել քաղաքաշինության մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, ով նույնպես բարձր գնահատեց նրա մասնագիտական կարողություները և մարդկային արժանիքները:
Ա. Փանոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին և մյուս գործընկերներին գնահատանքի և բարեմաղթանքների համար.
-Աշխատանքային գործունեության ընթացքում ներդրել եմ իմ ողջ ներուժը, վստահ եմ՝ դուք կարող եք անել շատ ավելին,-ասաց նա՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս իր ուժերի ներածին չափով աջակցելու վարչության աշխատանքներին:
Մարզի ղեկավարը Աշոտ Փանոյանին նաև շնորհակալագիր հանձնեց: