Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին Լոռու մարզի «Լավագույն ուսուցիչը» և «Լավագույն դաստիարակը»
08.10.2019

Մարզի ղեկավարն ընդունեց 2018-2019 ուստարում Լոռու մարզի «Լավագույն ուսուցիչ» ճանաչված Վանաձորի թիվ 25 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմին Դունամալյանին և «Լավագույն դաստիարակ» ճանաչված՝ Ալավերդու թիվ 6 նախադպրոցական կրթական հաստատության դաստիարակ Էլինա Թամազյանին:
Շնորհավորելով նման պատվաբեր կոչման արժանանալու համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց նրանց անձնվեր և անշահախնդիր աշխատանքի համար:
-Մեր առաջնային խնդիրն է ըստ արժանվույն գնահատելու մանկավարժներին և նրանց կատարած աշխատանքը: Մանկավարժների վրա այսօր մեծ պատասխանատվություն է դրված՝ կրթելու ու դաստիարակելու բանիմաց, ազատ, անկախ, վելուծող ու տրամաբանող քաղաքացի՝ սկսած նախադպրոցական տարիքից. ահա այսպիսին պետք է լինի վաղվա Հայաստանի սերունդը: Այս առումով դուք շատ անելիքներ ունեք: Ուզում եմ նաև, որ Ձեր օրինակը վարակիչ լինի նաև մյուսների համար,- ասաց Ա. Ղուկասյանը:
Նա հարգարժան տիկնանց շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց:
Շնորհավորելով Արմինե Դունամալյանին և Էլինա Թամազյանին՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը նշեց, որ նրանց ընտրությունը կատարվել է գործող հին կարգի համաձայն՝ մրցութային 3 փուլերով, մինչդեռ ընդամենը օրեր առաջ նախարարության կողմից լավագույն տնօրենի, ուսուցչի և դաստիարակի ընտրության նոր կարգ է սահմանվել, և այսուհետ առաջնորդվելու են այդ չափորոշիչներով: