Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ»

07.10.2019

 Վարդաբլուր համայնքում 30 տարվա ընդմիջումից հետո նշվում է համայնքի համար շատ կարևոր տոնակատարություն՝ «Երեք սրբություն» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված հայ ազգի երեք մեծերին, երեք սրբություններին, մեր ազգի խորհրդանիշերին՝ Հովհաննես Թումանյանին, Կոմիտասին և Զորավար Անդրանիկին: Միջոցառումը ինչպես 30 տարի առաջ, այնպես էլ՝ հիմա, կազմակերպվել էր վարդաբլուրցիների ջանքերով՝ նպատակ ունենալով համախմբել ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս բնակվող վարդաբլուրցիներին ու աշխարհին պատմելու վարդաբլուրցիների սովորությունների, ավանդույթների, հյուրնկալության մասին: Իսկ ինչպես են կապված այս երեք մեծերը Վարդաբլուրի հետ: Գյուղի մեծերը պատմում են և պատմությունն է այդ մասին վկայում, որ այն ժամանակների համար կրթյալ ու լուսավոր մի մարդու, գյուղի տարեց քահանա Տեր Եղիա Զոհրաբյանի հրավերով այս մեծերը բազմիցս հյուրընկալվել են գյուղում:
Տոնակատարությանը հրավիրված էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ում նախնիները նույնպես ծնունդով այստեղից են: Ներկա էին նաև Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի պաշտոնյաներ,ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, այլ պատվարժան հյուրեր: Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Անդրեյ Ղուկասյանը: Շնոհակալություն հայտնելով միջոցառումը նախաձեռնող ու կազմակերպչական աշխատանքներն իրականացնող խմբին՝ մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ այն այլևս ավանդական կդառնա՝ ամեն տարի համախմբելով աշխարհի տարբեր անկյուններում բնակվող վարդաբլուրցիներին, զբոսաշրջիկներին:
-Վստահ եմ, սա օրինակ կծառայի նաև մյուս համայնքների համար, որոնք այսպիսի գեղեցիկ միջոցառումներ կնախաձեռնեն իրենց համայնքների կյանքն աշխուժացնելու ու աշխարհին ճանաչելի լինելու համար. չէ՞ որ մեր համայնքներն իրենց վարք ու բարքով, ավանդույթներով, աղ ու հացով շատ բան ունեն պատմելու աշխարհին,-ասաց Ա. Ղուկասյանը:
Իր օրհնության խոսքն ասաց Գուգարաց թեմի առաջնորդը՝ ներկաներին մաղթելով խաղաղություն, իսկ համայնքին՝ բարգավաճում: Ելույթներով հանդես եկան նաև միջոցառմանը ներկա մտավորականները: Միջոցառումը հագեցած էր երեք մեծերի ու հայտնի տեղաբնակների մասին պատմող թատերականացված դրվագներով, ուրախ երգ ու պարով: Հաղորդավարների միջոցով ներկայացվեց գյուղի պատմությունը, ծնունդով վարդաբլուրցի նշանավոր անձանց կենսագրությունները:
Ներկաները միջոցառումից հեռացան ջերմ տպավորություններով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-22 17:39:10