Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Այն արատավոր երեևույթները, որոնք նախկինում եղել են աշխատանքի տեղավորման հետ կապված, վստահաբար կարող եմ ասել, որ իսպառ վերացել են». մարզի ղեկավարը ներկա գտնվեց Աշխատանքի տոնավաճառին
04.10.2019
Հոկտեմբերի 4-ին Վանաձորում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր 12-րդ աշխատանքի տոնավաճառը, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, Զբաղվածության պետական գործակալության տնօրենի պաշտոնակատար Արտակ Սիմոնյան Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցություն ունեցան տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող թվով 30 գործատու, որոնց կողմից ներկայացվեց շուրջ 490 թափուր աշխատատեղ:
Իր ողջույնի խոսքում միջոցառման կազմակերպման կարևորությունն ընդգծեց մարզի ղեկավարը:
-Այն արատավոր երեևույթները, որոնք նախկինում եղել են աշխատանքի տեղավորման հետ կապված, վստահաբար կարող եմ ասել, որ իսպառ վերացել են: Այժմ թե պետական և թե մասնավոր հատվածում աշխատանքի տեղակվորման միակ կարևոր պայմանը կրթությունն է, համապատասխան գիտելիքները և հմտությունները,-ասաց մարզի ղեկավարը,-աշխատանք փնտրողներին կոչ անելով ստեղծել սեփական փոքր բիզնեսը՝ շեշտադրում կատարելով հատկապես ներկայումպահանջարկված հատկապես զբսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտների վրա:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև նախարարության ներկայացուցիչները, միջոցառման պատասխանատուները:
Տոնավաճառի ընթացքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, մասնավորապես. պանելային քննարկում՝ «Լոռու մարզում երիտասարդների զբաղվածության հնարավորություններն ու խնդիրները» թեմայով, զրույց ներկայացում՝ «Աշխատաշուկայում մրցունակության հիմնական հմտությունները» և «Աշխատանքային մոտիվացիա» թեմաներով, մոտիվացնող զրույցներ՝ վաճառքի մասնագետի և տեխնիկ ինժեների մասնագիտություններով, ինչպես նաև վարպետաց դաս՝ դիզայն մասնագիտությամբ:
Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ՝ գործատուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Լոռու մարզի, մասնավորապես Վանաձոր քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:
Ինչպես իր խոսքում նշեց Վանաձորի զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, Լոռու մարզում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը շուրջ 10 հազար է, այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.6 տոկոսով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91 տոկոսը կամ 9.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.7 տոկոսով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 70.1 տոկոսը, կամ 6.3 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 22.2 տոկոսը երիտասարդ է, 2.3 տոկոսը հաշմանդամություն ունեցող, 28.3 տոկոսը ՝ գյուղաբնակ անձ: Տարեսկզբից մարզում աշխատանքի է տեղավորվել 806 աշխատանք փնտրող:
Վանաձոր քաղաքում 2019թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 4682 անձ, գործազուրկներինը՝ 4434: Վանաձորի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), սպասարկման ոլորտի աշխատողների, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի ոլորտի մասնագետների, մշակման արդյունաբերության բանվորների պահանջարկը:
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 357 անձ:
Ներկաները շրջեցին տաղավարառտաղավար՝ ծանոթանալով ներկայացված աշխատատեղերին:
Տոնավաճառի ավարտին մարզի ղեկավարը ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ իր աշխատասենյակում զրույց ունեցավ նախարարության ներկայացուցիչների հետ: