Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մազպետը հյուրընկալեց օրվա հերոսներին
04.10.2019
Վանաձորը կրկին անգամ ապացուցեց, որ իրենց գործին ու Մարդ կոչմանը նվիրված հերոսների պակաս չի զգում: Այս անգամ հանրության հիացմունքի առիթը Վանաձորի բժշկական կետրոնի շտապբուժօգնության ծառայության վարորդ Կարեն Գրիգորյանի և բժիշկ Տիգրան Աղաբեկյանի սխրանքն է, ովքեր հոկտեմբերի 2-ին, Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում բռնկված հրդեհի ժամանակ, մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, պատշգամբից մտել էին այրվող բնակարանն ու սենյակից պատշգամբ տեղափոխել այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը՝ փրկելով նրա կյանքը:
Բնականաբար այս իրողությունը չի վրիպել նաև մարզի ղեկավարի ուշադրությունից: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալեց և անձամբ իր հիացմունքն ու երախտագիտությունը հայտնեց օրվա հերոսներին:
-Շնորհակալություն ձեզ սխրանքի ու նվիրումի համար: Ուզում եմ հավատալ, որ ձեր օրինակը վարակիչ կլինի նաև մյուսների համար, ուզում եմ հավատալ, որ յուրաքանչյուրը իր գործը կիրականացնի ոչ թե իբրև պարտավորություն, այլ ողջ պատասխանատվությամբ՝ որպես կարևոր առաքելություն,-ասաց Ա. Ղուկասյանը: Նա Տիգրան Աղաբեկյանին և Կարեն Գրիգորյանին պարգևատրեց շնորհակալագրերով՝ միաժամանակ ըդգծելով, որ նրանց սխրագործության գնահատականը տալիս է նաև հանրությունը՝ ամբողջ սոցցանցը համակած իր ջերմ գրառումներով: