Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՐԳԻՏԱ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԱՎԱՐՏՎԵՑ. ՀՅՈՒՐԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՋԵՐՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
30.09.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/22325_s.jpg)
Ինչպես արդեն նշել ենք, այս օրերին Լոռու մարզում էր քույր մարզ հանդիսացող Ռումինիայի Հարգիտա նահանգի պատվիրակությունը՝ Հարգիտայի մարզպետի տեղակալ Բարտի Տիհամերի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Ալավերդի համայնքի հետ քույր քաղաք հանդիսացող Գեորգենի քաղաքապետ Նագի Զոլոտան, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության անդամներ:
Այցի առաջին օրը հյուրերին Լոռու մարզպետարանում հյուրընկալեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և կողմերի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ երկկողմ հարաբերությունները այս կերպ տեղափոխելով առավել գործնական հարթակ:
Հյուրընկալող կողմ հանդիսացող Լոռու մարզպետարանը սիրով պարտավորություն էր ստանձնել այս օրերին ծանոթացնել պատվիրակության անդամներին մի շարք ձեռնարկությունների գործունեությանը, ինչպես նաև կազմակերպել հյուրերի այցելությունները մշակութային օջախներ, պատմամշակութային հուշարձաններ, ժամանցային միջոցառումների:
Հյուրերը ներկա են գտնվել Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում կենտրոնի 35-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառմանը: Մարզպետի տեղակալի ուղեկցությամբ պատվիրակության անդամները եղել են նաև «Սարտոն» կարի ֆաբրիկայում և մրգերի ու բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող «Ֆամա-Ֆուդ» ընկերության արտադրամասում: Այստեղ նրանք ծանոթացել են ընկերությունների արտադրատեսակներին՝ հնարավորություն տեսնելով հետագայում գործակցելու նաև առևտրատնտեսական կապերի հաստատման ուղղությամբ:
Հյուրերը եղել են Դեբեդ համայնքում գտնվող COAF-SMART կենտրոնում, պաշտոնական հանդիպում ունեցել Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հետ, այցելել Ալավերդու պետական քոլեջ, գարեջրի արտադրամաս, ապա վայելել Սանահին և Հաղպատ վանական համալիրների, այլ պատմական հուշարձանների, ինչպես նաև՝ Զառնի-Պառնի զբոսաշրջային գոտու գեղեցկությունը:
Սեպտեմբերի 29-ին պատվիրակությունը ներկա է գտնվել «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում անցկացվող «Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող միջոցառմանը՝ այնտեղից հեռանալով անասելի տպավորություններով:
Նույն օրը հյուրերի պատվին Օձունի վանքում մատուցվել է պատարագ: Պատվիրակության հայ համայնքի ներկայացուցիչները տեր հոր հետ միասին հայկական շարականներ են երգել՝ հոգևոր երգի միջոցով, անասելի հուզմունք ապրելով՝ վերագտնելով իրենց հայկական արմատները:
Լոռու մարզում հյուրընկալության վերջին օրը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի ուղեկցությամբ Հարգիտայի պատվիրակության անդամները եղել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Այստեղ շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են կենտրոնում գործող ընկերությունների գործունեությանը, պրոդուկտներին՝ առանձնակի հետաքրքրություն ցուցաբերելով հատկապես նրանցից մի քանիսի նկատմամբ: Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում առավել գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել ընկերությունների հետ:
Հյուրերը Լոռու մարզից մեկնել են ջերմ տպավորություններով՝ մարզի ղեկավարին հրավիրելով առաջիկայում հյուրընկալվել Հարգիտայում՝ ծանոթանալու մարզի հնարավորություններին, շփվելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: