Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անդրեյ Ղուկասյան. «Ամենափոքր թերություններն անգամ պետք է վերացվեն, այլապես ոչ միայն ֆինանսավորում չի կատարվի, այլև շինկազմակերպությունները կտուգանվեն»

30.09.2019

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացիկ տեմպերին անդրադառնալով՝ մարզի ղեկավարը նշեց, որ չափազանց դժգոհ է արդյունքներից, ինչի մասին վկայում էին նաև ներկայացված թվային տվյալները: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանի տեղեկացմամբ, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հավաքագրումն աճել է 91 մլն դրամով, սակայն սա հիմնականում ի հաշիվ գույքահարկի և պետական տուրքերի, մինչդեռ, հողի հարկի առումով զգալի անկում կա. ըստ վարչության կողմից կատարված վերլուծության, հարկային վարչարարությունը համայնքներում վատ է կատարվում:

Մարզի ղեկավարի հանձնարարականն էր մարզպետարանի համապատասխան վարչություններին. մեկ ամսվա ընթացքում հավաքագրումների առնվազն 15 տոկոսի աճ ապահովել, ինչը պետք է կրի շարունակական բնույթ:  

Մարզում ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքի մասին (միջպետական, հանրապետական, մարզային, համայնքային նշանակության), զեկուցեց քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը:

Տեղեկացնելով, որ 2019թ.-ին նախատեսվում է հիմնանորոգել 102.05 կմ ճանապարահ՝ 12.96 մլրդ դրամ ընդհանուր արժեքով՝ առանձին-առանձին ներկայացրեց ծագրերի ընթացքը:

Հիշեցնենք, որ ներկայում շարունակվում են Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլի, Մ3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վարաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1.1 կմ, 4 կմ, 3.2 և 3.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածների,  Մ8՝ Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 8.9 կմ և 11.1 երկարությամբ ճանապարհահատվածների, Մ7՝ Մ3-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8 կմ երկարության ճանապարհահատվածի, Մ6-Հաղպատի հուշարձան 5 կմ երկարության ճանապարհահատվածի, Մ7- Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.24 կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման, Մ3-Լեռնապատ 4.2 կմ երկարությամբ ավտոճանապարհի ասֆալտապատման, Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի հիմնանորոգման, Սպիտակի Ոփյան փողոցի, Սպիտակի թիվ 2 դպրոցի տարածքի ասֆալտապատման աշխատանքները: Մարզպետը հստակ ցուցումներ տվեց աշխատանքների որակի և ժամկետների հետ կապված:

-Ամենափոքր թերություններն անգամ պետք է վերացվեն, այլապես ոչ միայն ֆինանսավորում չի կատարվի, այլև շինկազմակերպությունները կտուգանվեն,-ասաց Ա. Ղուկասյանը:

Ներկայացվեց նաև մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ծրագրում ընդգրկված վերանորոգման ենթակա 37 օբյեկտների շինաշխատանքների ընթացքը: Նշվեց, որ 37 օբյեկտներից 35-ի շինարարական աշխատանքներն ընթաքի մեջ են, որոնցից 7-ը ավարտված է, կազմված են ավարտական ակտերը:

Ներկայացվեց նաև ճանապարհների ասֆալտբետոնե քերուկի բաշխման գործընթացը՝ ըստ համայնքների:

«Բերքի տոն» մարզային տոնահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքին անդրադառնալով՝ Գայանե Մարկոսյանը նշեց, որ աննախադեպ միջոցառում է նախատեսվում, կազմակերպչական աշխատանքները սահուն են ընթանում՝ կոչ անելով՝ ինչպես Լոռու մարզի, այնպես էլ՝ հանրապետության այլ բնակավայրերի բնակիչներին և զբոսաշրջիկներին ակտիվ մասնակցություն ունենալ:

ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը ներկայացրեց սեպտեմբերի 29-ին մարզի Եղեգնուտ, Լուսաղբյուր և Չկալով համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները` նշելով, որ Լուսաղբյուրում համայնքի ղեկավարը վերընտրվել է (Արամայիս Հակոբյան), Եղեգնուտում համայնքի ղեկավար է ընտրվել Սարգիս Հակոբյանը, Չկալովում կայացել են ավագանու ընտրություններ:  

Մարզում ընթացող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցեց  Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Նա հայտնեց, որ մարզում հաստատված 56 ծրագրերից 11-ն արդեն իսկ ավարտված են, 39 ծրագիր ընթացքի մեջ է, 5 ծրագիր դեռևս չի սկսվել և մեկ ծրագիր՝ Վանաձորի ծանրամարտի դպրոցի հիմնանորոգումը չի մեկնարկելու ֆինանսական խնդիրների պատճառով:

Մարզի ղեկավարը կրկին անգամ արտահայտեց իր հստակ դիրքորոշումը բուժհաստատություններում ապօրինի դրամաշրջանառության դեպքերի առնչությամբ.

-Որևէ զիջում այս հարցի հետ կապված չի լինելու: Խիստ ենք լինելու բոլորի նկատմամբ՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում,-ասաց Ա. Ղուկասյանը: Ներկաները զեկուցեցին նաև ընթացիկ հանձնարարականների վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52