Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՀԱՅ- ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՄԻՋԵՎ

25.09.2019

Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» պատվիրակությանը, որոնց թվում էին հիմնադրամի ներկայացուցիչները և չին գործարարներ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ-չինական հարաբերությունները «Մեկ գոտի ՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում: Հիմնադիրը տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Ավանեսովն է: Հիմնադրամի նպատակն է ընդլայնել համագործակցությունը և ամրապնդել առևտրատնտեսական, մշակութային և կրթական կապերը Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև:
Ողջունելով հյուրերին՝ մարզի ղեկավարը համառոտ ներկայացրեց Լոռու մարզի ներդրումային պոտենցիալը, մարզի տնտեսական զարգացման ռազմավարական հիմնական ուղղությունները, աշխարհագրական շահեկան դիրքը, ենթակառուցվածքների ընձեռած հնարավորությունները, որոնք նպաստավոր հանգամանքներ կարող են հանդիսանալ մարզում լուրջ ներդրումներ իրականացնելու առումով:
-Ես և Լոռու մարզպետարանի ողջ թիմը պատրաստ ենք համագործակցության ու պատրաստակամ՝ ամենայն աջակցություն ցուցաբերելու բոլոր այն ներդրումային ծրագրերին, որոնք կնպաստեն մարզի զարգացմանը, որովհետև մեր աշխատանքի գլխավոր նպատակը հենց դա է, -իր խոսքում մասնավորապես նշեց մարզի ղեկավարը՝ նաև տեղեկացնելով, որ չինական «Նյու իդա» ընկերությունն արդեն իսկ ներդրումային ծրագիր է իրականացնում Ստեփանավանի տարածաշրջանում: Մարզպետը հայտնեց, որ Լոռին հանդիսանում է քույր մարզ Չինաստանի Շանսի նահանգի հետ և ուրախ կլինի, որ գործակցության շրջանակները է՛լ ավելի ընդլայնվեն:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանը ամփոփ ներկայացրեց կազմակերպության առաքելությունը և նպատակները: Այն է՝ օժանդակություն և աջակցություն ներդրումների իրականացման և աշխատատեղերի ստեղծման գործում, ինչը կհանգեցնի սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության և տնտեսական վիճակի բարելավմանը ողջ հանրապետությունում:
Նա նշեց, որ հիմնադրամի գլխավոր խնդիրն է ստեղծել հարմարավետ և գրավիչ ներդրումային միջավայր` նոր հնարավոր ներդրողների ներգրավման համար,ինչպես նաև՝ ազատ տնտեսական գոտիների ստեղծում, զբոսաշրջության զարգացում, համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում,Չինաստանի և Հայաստանի միջև կրթական փոխանակման ծրագրերի զարգացում, երկրների միջև ուղիղ թռիչքների կազմակերպում, բազալտային մանրաթելի և դրանց հիման վրա կազմված կոմպոզիտային նյութերի արտադրության նպատակով գործարանի կառուցում, Հայաստանում ավանդական չինական բժշկության ախտորոշիչ կենտրոնի բացում, «Հայաստանի առևտրային տների» բացում Չինաստանում և չինական արտադրանքի վաճառք Հայաստանում և այլն:
-Հիմնադրամը կտրամադրի լիարժեք և համակողմանի աջակցություն ՀՀ եկող ներդրողներին, Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և տնտեսության տարբեր ոլորտներում գիտական և տեխնոլոգիական զարգացման արդյունքների իրականացմանը,-ասաց Վ. Սիմոնյանը:
Նա նաև նշեց, որ Լոռու մարզպետարանի աջակցությամբ հասցրել են ծանոթանալ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումի շրջանակներում կազմված ներդրումային ծրագրերի փաթեթներին և հետաքրքրված են դրանցով:
Արդեն իսկ առկա համագործակցությունը է՛լ ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով Լոռու մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը»՝ ի դեմս գործադիր տնօրեն Վլադիմի Սիմոնյանի համաձայնագիր կնքեցին՝ պարտավորություն ստանձնելով համագործակցել մարզում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում՝ նպաստելով Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Հանդիպման ավարտին հյուրերը նաև Լոռու մարզի և «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումի մասին պատմող տեսաֆիլմեր դիտելու հնարավորություն ունեցան:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:20:52