Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՍՈԼԱՐ ԳՐՈՒՊ»ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
23.09.2019
Այսօր Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Սոլար Գրուպ» ընկերության միջև՝ ի դեմս գործադիր տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի, ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Հաշվի առնելով այն, որ Լոռու մարզպետարանը կարևորում է վերականգնվող էներգիայի օգտագործումը և աջակցում է արևային էներգիայի տարածմանն ուղղված քայլերին, հուշագրի շրջանակներում համաձայնություն ձեռք բերվեց այն մասին, որ «Սոլար Գրուպը» Լոռու մարզպետարանի աջակցությամբ իրականացված նախագծերից ստացված հասույթի մինչև 5 տոկոսը կներդնի մարզպետարանի կողմից ընտրված հաստատություններում (դպրոցներ, համաբուժարաններ, մանկապարտեզներ) արևային կայաններ կառուցելու համար:
«Սոլար Գրուպը», լինելով վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային ստանդարտներով առաջնորդվող ընկերություն, նախագծում և իրականացնում է մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ արևային ֆոտովոլտային համակարգեր, էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ և այլն:
Կարևորելով Լոռու մարզպետարանի և ընկերության այսօրինակ համագործակցությունը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ մարզային ենթակայության հիմնարկներին առաջարկություն կներկայացվի արևային կայաներ տեղադրելու վերաբերյալ՝ կարևորելով այլընտրանքային էներգիայի համակարգերի էներգաարդյունավետությունը՝ ծախսերի առումով և մատչելիությունը:
Քննարկվեցին հետագա համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր ևս: