Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

18.09.2019

 Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հանձնաժողովի քարտուղարն է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը տեղեկատվություն ներկայացրեց օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորում անցկացված ՀՀ Նա¬խա¬գահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» հանրապետական մրցույթում Լոռու մարզի հավաքականի հաղթական մասնակցության մասին՝ մարզի ղեկավարին հանձնելով թիմի նվաճած գավաթը և հավաստագիրը: Ա. Ղուկասյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզիկներին և մարզի հավաքական թիմին 4-րդ տարին անընդմեջ հաթող ճանաչվելու կապակցությամբ և մասնակիցներին պարգևատրեց շնորհակալագրերով և դրամական միջոցներով՝ հանձնելով նաև «Երուսաղեմի սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» կազմակերպության կողմից տրամադրված նվերները: Կույրերի միավորման կողմից առաջարկություն հնչեցվեց կույրերին ևս ընդգրկել մրցաշարում: Ի պատասխան Ա. Ղուկասյանը պատրաստակամություն հայտնեց խնդրի հետ կապված առաջարկություն ներկայացնել նախարարությանը:
«Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բալայանը տեղեկատվություն ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող «Մենք լիիրավ անդամ ենք» ներառական ծրագրի ավարտի մասին՝ նշելով, որ ուսումնասիրություններ են կատարվել Ստեփանավանի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Մարզի ղեկավարն առաջարկեց ուսումնասիրության արդյունքները փոխանցել նաև մարզպետարանի համապատասխան վարչությանը՝ դրանցով առավել հետևողականորեն զբաղվելու համար: Այս առումով բարձրաձայնվեց տնային ուսուցման կարիք ունեցող երեխաների խնդիրը: Հարցի վերաբերյալ կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը պարզաբանեց, որ տնային խնամք իրականացվում է միայն ըստ սահմանված հիվանդությունների ցանկում ներառված հիվանդությունների՝ առաջարկելով դիմել մարզպետարան:
Գ. Բալայանը նշեց նաև, որ կազմակերպության շահառուները զբաղվում են ձեռքի աշխատանքներով և մարզի ղեկավարին նվիրեց սաների աշխատանքներից մեկը:
Կատարված աշխատանքների մասին համառոտ հաշվետվությամբ հանդես եկավ «Երուսաղեմի սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» հիմնադրամի տնօրեն Ժակլին Հեքիմյանը՝ ներկայացնելով Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնի և զբաղվածու¬թյան տարածքային կենտրոնի հետ համագործակցային աշխատանքները: Նա տեղեկացրեց նաև, որ կազմակերպությունը զբաղվում է դերձակ մասնագիտության ուսուցանմամբ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար: Առաջիկայում նախատեսում են ուսուցանել ոչ միայն դերձակի, այլև փայտագործի և ձևավորողի մասնագիտություններ՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով նաև աշխատանքի տեղավորել լավագույններին: Նա ներկաներին առաջարկեց ցանկացողներին ուղղորդել կազմակերպություն:
Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես եկավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք» ծրագրի համակարգող Հասմիկ Հովսեփյանը: Նա նշեց, որ հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, կազմակերպությունը նախատեսում է հանդես գալ 12 տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ: Բացի այդ, օրվան ընդառաջ, այս տարի ևս նախատեսվում է իրականացնել «Պարգևիր ժպիտ» ակցիան, որին նախորդ տարի միացել է նաև մարզի ղեկավարը: Նա առաջարկեց այս անգամ ակցիան իրականացնել հանձնաժողովի հետ համատեղ: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը սիրով ընդունեց առաջարկությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել հանգամանորեն քննարկել միջոցառման մանրամասները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53