Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 14-րդ միջազգային ամենամյա փառատոնը
16.09.2019
Այս տարի ևս Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը «Յունիմա-Հայաստանը», սեպտեմբերի 15-20-ը Լոռու մարզում անցկացնելու է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 14-րդ միջազգային ամենամյա փառատոնը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
Փառատոնի բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին՝ Դսեղում «Թումանյանական օր» տոնակատարությունից անմիջապես հետո: Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին աջակցում է Լոռու մարզպետարանը:
Բացման խոսք ասաց փառատոնի պատասխանատու, Տիկնիկային արվեստի միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը, շեշտելով, որ փառատոնի նպատակն է երեխաների մեջ սերմանել սեր արվեստի և մշակույթի, ձևավորել բարություն՝ մարդկանց, կենդանիների ու բնության նկատմամբ։ Այս տարի ևս փառատոնին ներկայացել էին թատերական գործիչներ Հայաստանի մարզերից, Երևանից,Վրաստանից, Ռուսաստանից, Չինաստանից:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից փառատոնի մասնակիցներին ողջունեց և բարի երթ մաղթեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:
Արտասահմանից ժամանած թատերախմբերի ներկայացուցիչներն իրենց երկրների պետական դրոշներով անցան բեմահարթակով: Ապա սկսվեց համերգային ծրագիրը։
Փառատոնի բացման օրը Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը » հեքիաթի ներկայացմամբ հանդես եկավ Ներքին Բազմաբերդի տիկնիկային թատրոնը, իսկ «Սուտասանը» հեքիաթի ներկայացմամբ՝ Արմավիրի «Փալանչո» տիկնիկային թատրոնը։
Հանդիսավոր փակումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: