Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Ձորագյուղում հորդորեց շեշտադրում կատարել անասնապահության և զբոսաշրջության վրա

13.09.2019

Սեպտեմբերի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով եղավ Ձորագյուղ, Ձորագետ և Վահագնի համայնքներում: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետարանի մի խումբ ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Առաջին կանգառը Ձորագյուղում էր: Անդրեյ Ղուկասյանն այստեղ նախ խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանում, ապա նաև՝ շրջայց կատարեց համայնքում՝ այցելելով դպրոց, մանկապարտեզ, զրուցեց համայնքի բնակիչների հետ:
Համայնքի ղեկավար Արշակ Ռամազյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Ա. Ղուկասյանը մասնավորապես անդրադարձավ համայնքային բյուջեի ցածր կատարողականին, ինչպես նաև համայնքի զարգացման հեռանկարներին: Ա. Ռամազյանը շուրջ մեկ տարի է, ինչ պաշտոնավարում է: Գյուղը ստանձնել է հավաքագրման չափազանց ցածր ցուցանիշերով և լուրջ խնդիրներով: Այժմ, ըստ նրա, փորձում է փոքր- ինչ աշխուժություն մտցնել: Այս տարի համայնքի միջոցներով հանդիսությունների սրահի տանիքն ու հատակն են նորոգել, ճանապարհն են փոքր-ինչ բարեկարգել, Զբաղվածության աջակցության ծրագրով էլ՝ գերեզմանատան ցանկապատն են կառուցել:
Գյուղը 289 մշտական բնակչություն ունի, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Կան, սակայն, բնակիչներ, ովքեր հյուրատներ են հիմնել և դժգոհ չեն, պարբերաբար արտերկրից հովեկներ են ունենում: Հողագործությունը չի զարգանում, որովհետև գյուղում ոռոգման ջուր չկա: Բնակիչները դժգոհում են նաև անբարեկարգ ճանապարհներից և գազաֆիկացման բացակայությունից ու կատակում, որ գյուղի տղաներին այդ պատճառով աղջիկ չեն տալիս:
Ա. Ղուկասյանը հորդորեց զարգացման առումով շեշտադրում կատարել հենց անասնապահության և զբոսաշրջության վրա. զարգացնել անասնապահությունը՝ ներդնելով անասունների պահքի ժամանակակից տեխնոլոգիաներ. սրան ուղղված պետական աջակցությամբ մի շարք ծրագրեր է առաջարկում և զբոսաշրջությունը, առավել ևս, որ գյուղն արդեն իսկ ունի հաջողված փորձ:
-Ողջունելի նախաձեռնություններին պատրաստ ենք աջակցել նաև մենք, ուղղորդել դեպի տարբեր ծրագրեր: Եթե շարժ լինի, ենթակառուցվածքները կզարգանան շղթայական ձևով: Կարևորն այն է, որ գյուղի բնությունը աննկարագրելի է, սնունդը՝ էկոլոգիապես մաքուր: Ցանկացած զբոսաշրջիկ կերազի, մի քանի օր անցկացնել այստեղ: Շատ կարևոր է, որ դուք նախաձեռնողականություն և ակտիվություն ցուցաբերեք,-ասաց Անդրեյ Ղուկասյանը:
Դպրոց այցելելով մարզի ղեկավարը բավականինն դրական տպավորություններ ստացավ: Հենց մուտքից էլ պարզ դարձավ, որ Ձորագյուղի հիմնական դպրոցը հոգացավ տնօրեն և ուսուցիչներ ունի: Մարզի ղեկավարին ուրախացրեց այն, որ այստեղ երկու ուսուցիչ է դասավանդում «Դասավանդիր Հայաստան» ծրագրով: Ընդ որում, նրանցից մեկը ծրագրի ավարտից հետո մշտական բնակություն է հաստատել այստեղ. ասում է՝ երեխաներին ու գյուղի հիասքանչ բնությունը չի կարողանում լքել: Կամավոր ունեն նաև «Խաղաղության կորպուսից», ով երեխաներին անգլերեն է դասավանդում: Դպրոցը ծրագրեր է իրականացնում տարբեր միջազգային կառույցների հետ. համագործակցում է ՄԱԿ-ի,COAF-ի, «Հայ օգնության ֆոնդի» հետ: Վերջիններիս աջակցությամբ ամեն տարի մի քանի պատուհան են կարողանում փոխել, շուտով ՄԱԿ-ի դրամաշնորհային ծրագրով արևային էներգիայի համակարգ կտեղադրվի, որով հնարավոր կլինի 6 դասարան ջեռուցել: ՄԱԿ-ի պարենային ծրագրով ու նաև COAF-ի աջակցությամբ երեխաներին տաք սնունդ է տրվում: Ա. Ղուկասյանը սիրով պատրաստակամություն հայտնեց աջակելու դպրոցին խնդիրների դեպքում:
-Մեծ ցանկություն է առաջանում ավելի շատ աջակցել այն կրթօջախներին, որտեղ գործ է արվում, նախաձեռնողականություն կա,-ասաց նա:
Մարզի ղեկավարը զրուցեց նաև ուսուցիչների և աշակերտների հետ, վերջիններիս հորդորելով լավ սովորել՝ համայնքին աջակցելու, գյուղի զարգացմանը նպաստելու համար:
Գյուղի մանկապարտեզը կառուցվել է Սոցներդրումների միջոցներով: Այստեղ ընդամենը 14 երեխա է հաճախում՝ տարբեր տարիքային խմբերից: Երեխաները մինչև կեսօր են մնում, քանի որ սնունդ տալու հնարավորություն չկա՝ տեխնիկական մի շարք խնդիրների պատճառով: Ա. Ղուկասյանը խոստացավ ուսումնասիրել հարցը և լուծման ճանապարհ գտնել:
Մանակապարտեզի փոքրիկները սիրով արտասանեցին հյուրերի համար՝ մարզպետն էլ հորդորեց շատ երեգեր ու բանաստեղծություններ սովորել, որպեսզի հաջորդ այցի ժամանակ ավելի երկար մնա և ունկնդրի նրանց:
Այցելության հաջորդ կանգառը Ձորագետ համայնքն էր:
(տեղեկատվութոյւնը հաջորդիվ)


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09