Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անդրեյ Ղուկասյանը հետևեց մարզում պետական միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին
10.09.2019
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատանքային օրվա մի մասն անցկացրեց՝ հետևելով մարզում պետական միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին:
Մարզպետը նախ եղավ Լեռնապատ համայնքում:
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ3-Լեռնապատ մարզային (տեղական) նշանակության ճանապարհը: Աշխատանքները մեկնարկել են 2018թ.-ին: Հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 4.2 կմ: Ծրագրի արժեքը 129.9 մլն դրամ է: Կապալառու կազմակերպությունն է «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ: Ներկայում կատարվում են սառը վերամշակման եղանակով իրականացվող հիմնատակի ամրացման, ջրահեռացման կազմակերպման և մասնակի ասֆալտապատման աշխատանքներ:
Հաջորդ կանգառը Մ-8՝ Վանաձոր - Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհն էր: Այստեղ դարձյալ պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է շուրջ 20 կմ երկարության ճանապարհահատված: Ծրագրի ընդհանուր արժեքը 1.205 մլրդ դրամ է: Կապալառու կազմակերպություններն են «Լիլիթ-87» և «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ները: Մարզի ղեկավարի այցեության պահին աշխատանքներն ընթացքի մեջ էին: Ներկայում կատարվում են ճանապարհային ծածկույթի ֆրեզերման աշխատանքներ:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր նկատառումները հայտնեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ կարևորելով դրանք խիստ որակով և ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: